ԵՄ անդամ երկրները կոչ են արել Թուրքիային՝ դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից
Եվրամիության անդամ երկրները Թուրքիային կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում եւ դուրս բերել զորքերն այնտեղից, ասված է ԵՄ Խորհրդի հայտարարությունում, որի նիստը տեղի է ունենցել Լյուքսեմբուրգում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Խորհուրդը կրկին համառորեն կոչ է անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ դուրս բերել զորքերը»,- նշվում է հայտարարության մեջ
Եվրամիության անդամ երկրները պայմանավորվել են նաեւ համակարգել Թուրքիային զենքի մատակարարման քաղաքականությունը ՝ Սիրիայում ռազմական գործողության հետ կապված։
Հայտարարության մեջ նաև նշված է.«Անդամ պետությունները պարտավորվում են ամուր ազգային դիրքորոշում որդեգրել Թուրքիային զենք մատակարարելու իրենց քաղաքականության հարցում՝ ներառյալ չափանիշների կոշտ կիրառումը տարածաշրջանային կայունության հանդեպ։ ԵՄ Խորհրդի համապատասխան աշխատանքային խումբն այս շաբաթ ավելի ուշ կհավաքվի՝ այս հարցի վերաբերյալ անդամ պետությունների դիրքերի համակարգման եւ դիտարկման համար»,:
Եվրամիության 28 երկրների ԱԳՆ ղեկավարները կոչ են անում անցկացնել անդամ երկրների միջազգային կոալիցիայի նախարարական հանդիպում՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար՝ ԱՄՆ գլխավորությամբ, Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության հետ կապված։
«Շտապ կարգով անհրաժեշտ են միջազգային հանրության, այդ թվում ՄԱԿ Անվտանգության խորհրդի հետագա ջանքերը միակողմանի ռազմական գործողությունը դադարեցնելու ուղղությամբ։ Խորհուրդը կոչ է անում խորհրդակցություն անցկացնել «Դաիշի» (ԻՊ) դեմ միջազգային կոալիցիայի նախարարների մակարդակով՝ դիտարկելու հարցը, թե ինչպես շարունակել ջանքերը սույն համատեքստում»,-նշվում է հայտարարության մեջ։
Եվրամիության անդամ երկրները համաձայնեցրել են նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը՝ Անկարայի հանդեպ սահմանափակիչ միջոցներ մտցնելու համար՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքներ կատարելու առնչությամբ։
Հայտարարության մեջ նաև ասվում է. «Խորհուրդը, հենվելով արդեն կատարված նախապատրաստական աշխատանքի վրա, համաձայնեցրել է շրջանակային ռեժիմ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ սահմանափակիչ միջոցներ մտցնելու համար, որոնք պատասխանատու են Արեւելյան Միջերկրածովում անօրինական հորատում կատարելու համար կամ հանցակից են այդ գործունեությանը։ Խորհուրդն առաջարկում է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության եւ Եվրահանձնաժողովի գերագույն ներկայացուցչին օպերատիվորեն ներկայացնել համապատասխան առաջարկություններ»: