հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջ

ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջ

Թեհրանում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի  համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի և Իսլամական Հանրապետության արդյունաբերության, ընդերքօգտագործման և առևտրի նախարար Մոհամադ Աթաբակի համանախագահությամբ։

Այդ մասին ասված է ԵՏՀ-ի հաղորդագրության մեջ։

«Այսօր մեր կենտրոնացումը  պետք է մաքսատուրքերի  ազատականացումից, որոնք մենք հաջողությամբ նվազեցրել ենք, անցնի մաքսատուրքային արգելքների վերացման և իրական գործարարությանն աջակցության վրա։ Հենց դա են մեզնից ակնկալում մեր արտադրողներն ու արտահանողները», - ընդգծել է Սլեպնյովը։

Կողմերը քննարկել են ավտոմոբիլային, բժշկական և դեղագործական արտադրանքի շուկաների հասանելիության հարցերը, ինչպես նաև «հալալ» արտադրանքին ներկայացվող պահանջների շուրջ ընթացող աշխատանքը։

Նշվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել պատրաստի սպառողական ապրանքների հասանելիության սահմանափակումների վերացման միջոցների պլանի մշակման շուրջ։

Նաև հատուկ ուշադրություն է նվիրվել առևտրային ընթացակարգերի պարզեցմանը։ ԵԱՏՄ-ն և Իրանը կարագացնեն ապրանքների ծագման վերահսկման էլեկտրոնային համակարգի ստեղծման և մաքսային տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման արձանագրության համաձայնեցման աշխատանքները։

Բացի այդ, տրանսպորտի ոլորտում քննարկվել են փոխադրողների ծախսերի նվազեցման, սահմանային անցակետերում գործընթացների պարզեցման և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով իրականացվող փոխադրումների թվայնացման հարցերը:

 

  • Կիսվել: