երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Դանիան դարձյալ զորք է ուղարկել Գրենլանդիա

Դանիան դարձյալ զորք է ուղարկել Գրենլանդիա

Դանիան դարձյալ զինվորականների է ուղարկել Գրենլանդիա, տեղեկացնում է Deutsche Wellen-ը։

Նշվում է, որ Դանիացի զինվորականներին տեղափոխող Atlantic Airways ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաք Նուուկում: Զինվորականների մի մասը շարունակել է թռիչքը դեպի Նուուկից հյուսիս գտնվող Կանգերլուս բնակավայր։ 

 Դանիայի Արկտիկական հրամանատարության ղեկավար Սյորեն Անդերսենն ասել է, որ զինվորները մասնակցելու են Դանիայի կողմից համակարգվող «Արկտիկական դիմացկունություն» կոչված զորավարժությունների:

Նա չի նշել, թե քանի դանիացի զինվոր է ներկայումս տեղակայված Գրենլանդիայում, սակայն լրատվամիջոցները նշում են, որ Նուուկում ներկայումս կա առնվազն 100 դանիացի զինվոր, իսկ Կանգերլուսում՝ ևս 100 զինվոր:

Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովն ասել է, որ իր երկիրը պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ Նահանգներին, եթե վերջինս փորձի ուժով գրավել արկտիկական կղզին։ «Մենք անպայման կպաշտպանենք Գրենլանդիան։ Եթե ամերիկյան զորքերը ներխուժեն, պատերազմ կսկսվի, և մենք կկռվենք միմյանց դեմ»,- ասել է Յարլովը։

Դանիացի խորհրդարանականի կարծիքով՝ նման զինված հակամարտությունը կլինի աղետ նաև Միացյալ Նահանգների համար։ Նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից Գրենլանդիայի բռնակցումը իմաստ չունի, քանի որ Միացյալ Նահանգներն արդեն իսկ մուտք ունի կղզի, և անեքսիան միայն լրացուցիչ ծախսեր կբերի իր հետ։

  • Կիսվել: