COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է սովորական ընթացակարգի վերածվել․ Աֆեյան
Միլիարդատեր Նուբար Աֆեյանը՝ կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութի արտադրողի համահիմնադիրը, նշել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է սովորական ընթացակարգ դառնալ, գրում է Forbes-ը:
«Ինձ թվում է, որ երբ բավական ժամանակ անցնի, մենք կարող ենք հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ պատվաստումներ անենք, ասենք, տարին առնվազն մեկ անգամ, ինչպես՝ գրիպի դեպքում»,- ասել է Աֆեյանը Bloomberg TV-ի եթերում:
Moderna-ն ներկայումս թեստավորում է կրկնակի պատվաստման համար իր պատվաստանյութի կես չափաբաժնի ներարկումը, եւ այն, «ըստ երեւույթին, չափազանց արդյունավետ է»,- ասել է Աֆեյանը: Նա նաեւ հայտնել է, որ իր Flagship Pioneering ընկերությունը ներդրումներ է կատարում տեխնոլոգիաներում, որոնք կարող են օգնել աշխարհին պատրաստվել նոր համավարակին: Ըստ Աֆեյանի՝ խոսքը մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության տեխնոլոգիաների մասին է: Նա պատմել է մոդելավորման հնարավորության մասին, թե «ուր կարող է այդ վիրուսը գնալ՝ ելնելով նրանից, թե որտեղ է այն արդեն եղել», ինչպես նաեւ՝ նոր շտամների առաջացման կանխատեսման: