կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Չնայած Պուտինի նախազգուշացումներին՝ Լոնդոնը Կիևին կտրամադրի մեծ հեռահարությայն հրթիռային համակարգեր

Չնայած Պուտինի նախազգուշացումներին՝ Լոնդոնը Կիևին կտրամադրի մեծ հեռահարությայն հրթիռային համակարգեր

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Լոնդոնն Ուկրաինա կուղարկի M-270 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հաղորդում է BBC-ն։ Ըստ Բրիտանիայի պաշտպանության նախարարի՝ Ուկրաինային հենց նման զենք է հարկավոր ռուսական սպառնալիքից պաշտպանվելու համար։ Մեծ Բրիտանիան այս որոշումը համաձայնեցրել է ԱՄՆ-ի հետ, որը հանդիսանում է M-270 համակարգերի արտադրողը։ Առաջիկա շաբաթներին ուկրաինացի զինվորականները կսովորեն օգտագործել նշված համակարգերը։

Օրեր առաջ Վաշինգտոնն էր հայտարարել Կիևին 4 միավոր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տրամադրելու մասին։ Պենտագոնում նշել էին, որ այդ համակարգերը չեն օգտագործվի Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։

Այս ամենին անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նախազգուշացրել է, որ Մոսկվան նոր թիրախների կհարվածի, եթե արևմտյան երկրները Կիևին փոխանցեն մեծ հեռահարության հրթիռներ։

«Զենքի լրացուցիչ մատակարարումներն, իմ կարծիքով, ունեն միայն մեկ նպատակ՝հնարավորինս երկարաձգել զինված հակամարտությունը։ Եթե Կիևի մոտ հայտնվեն մեծ հեռահարության հրթիռներ, ապա մենք համապատասխան հետևություններ կանենք և հարվածներ կհասցնենք այնպիսի օբյեկտների, որոնց մինչև այժմ չենք հարվածել», – ասել է Պուտինը։

Գուցե պատահական չէ, որ կիրակի օրը ավիահարվածներ են հասցվել Կիևին, որտեղ ապրիլի վերջից իրավիճակը հանգիստ էր։ Ըստ ռուսական կողմի՝ հարվածի թիրախը եղել են Ուկրաինային եվրոպական երկրների կողմից մատակարարված տանկերը։ Ուկրաինական կողմը նշում է, որ գնդակոծվել է երկաթգծային վերանորոգման գործարանը։

  • Կիսվել: