երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Բելգորոդին հարվածել են HIMARS հրթիռներով. նահանգապետ

Բելգորոդին հարվածել են HIMARS հրթիռներով. նահանգապետ

Շաբաթ երեկոյան ռուսաստանյան Բելգորոդ քաղաքն Ուկրաինայի կողմից ենթարկվել է հրետակոծությա: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը՝ նշելով, որ տուժածներ չկան:

Գլադկովի խոսքով՝ դա քաղաքի ամենազանգվածային հրետակոծությունն էր:

Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովն էլ ասել է, որ հրետակոծությունից հետո դադարել են գործել մի քանի շենք ջեռուցմամբ ապահովող պոմպակայանի պոմպերը:

Իր հերթին «Պեպել» տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ հրետակոծության թիրախը Բելգորոդի ՋԷԿ-ն էր, որի շենքին մի քանի հարված է հասցվել:

Նահանգապետը գրել է, թե, ենթադրաբար, Բելգորոդին հարվածներ են հասցվել HIMARS հրթիռներով: «Պեպել»-ը, այդուհանդերձ, ենթադրում է, որ հրետակոծությունը կատարվել է «Գրադ»-ից, բայց և հնարավոր է համարում, որ ՋԷԿ-ին հարվածը հասցվել է HIMARS-ից:

Գլադկովը հայտնել է նաև, որ այսօր առավոտյան Կրասնայա Յարուգա ավանում անօդաչու թռչող սարքը պայթել է մասնավոր տան մոտ, տուժել է երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Բելգորոդի ՋԷԿ-ին հասցված հարվածը պաշտոնապես չի մեկնաբանել:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը ռուսաստանյան տարածաշրջանների երկնքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 52 անօդաչու թռչող սարք, դրանցից երեքը՝ Բելգորոդի մարզում: Անօդաչուները գրոհել են նաև Բրյանսկի, Ռոստովի, Օրյոլի, Աստրախանի մարզերը և Կրասնոդարի երկրամասը:

  • Կիսվել: