Բանակցությունները կշարունակվեն այն դեպքում, երբ Թեհրանի դիրքորոշումը ճիշտ ներկայացվի. Իրանի արտգործնախարար
ԱՄՆ-Իրան լարվածության նվազեցման մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մշակված 4 կետից կազմված փաստաթուղթը սխալ է արտացոլում Թեհրանի դիրքորոշումը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջաֆար Զարիֆը, տեղեկացնում է Mehr-ը:
Ըստ Զարիֆի՝ Իրանն արդեն հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենք արտադրել:
«Մեր «Հույս» խաղաղ նախաձեռնությունը ցույց է տալիս, որ մենք ցանկանում ենք ապահովել Պարսից ծոցում անվտանգությունը: Մեր դիրքորոշումը պարզ է, սակայն 4 կետից կազմված փաստաթուղթն այն ճիշտ չէ ներկայացնում»,-ասել է նա:
Մակրոնի փաստաթղթում ասվում է. «Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի եւ լիովին կիրականացնի իր միջուկային պարտավորություններն ու կսկսի իր միջուկային գործունեության երկարաժամկետ շրջանակների շուրջ բանակցությունները»: Իրանը նաեւ «պետք է զերծ մնա ցանկացած ագրեսիայից եւ բանակցությունների ճանապարհով փորձի տարածաշրջանում իրական խաղաղության եւ հարգանքի հասնել»:
Ինչպես նաեւ, ծրագրի շրջանակում ԱՄՆ-ը պետք է «չեղարկի 2017-ին սահմանած բոլոր պատժամիջոցները, եւ Իրանը պետք է հնարավորություն ունենա արտահանել իր նավթն ու ազատ օգտագործել իր եկամուտները»:
Զարիֆը նշել է, որ բանակցությունները կշարունակվեն այն դեպքում, երբ այդ թեմաները ճիշտ ներկայացվեն: