Բադալյանի՝ Մոլդովա մուտքի արգելքը մտացածին քաղաքական դրդապատճառներ ունի. ՌԴ ԱԳՆ
«Եվրասիա» ՀԿ խորհրդի անդամ Միքայել Բադալյանի՝ Մոլդովա մուտքի արգելքը մտացածին քաղաքական դրդապատճառներ ունի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։
Ռուս դիվանագետը նշել է, որ Մոսկվան մեծ հետաքրքրությամբ է հետևում «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության հովանու տակ անցկացվող լայնածավալ միջոցառումներին։
Ըստ Նաստասինի՝ գնահատելի է, որ նշված միջոցառումներին մասնակցում են երիտասարդներ եվրասիական երկրների լայն շրջանակներից։ Նրա համոզմամբ՝ սոցիալական լիցք և միավորող ներուժ ունեցող նման ձեռնարկումները կարելի է միայն ողջունել։
«Բացի մտացածին քաղաքական դրդապատճառներից հազիվ թե այլ պատճառով արգելվեր Եվրասիայի ակտիվիստների, ներառյալ՝ այս կազմակերպության խորհրդի անդամ Միքայել Բադալյանին մուտքը Մոլդովա։ Քիշնևի իշխանությունները հնազանդորեն և չկշռադատծված հետևում են Վաշինգտոնի և Բրյուսելի քաղաքականությանը, որոնք շահագրգռված են եվրասիական տարածքում գոյություն ունեցող կապերի ոչնչացմամբ»,- նշել է Նաստասինը:
Մարդկանց միջև շփումների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները քաղաքականացնելու նման փորձերն, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, միայն ափսոսանք են հարուցում։
«Համոզված ենք, որ նման գործողություններով անհնար է զսպել եվրասիական երկրների երիտասարդության միջև բարեկամությունն ամրապնդելու ոչ անտարբեր ակտիվիստների ջանքերը», - շեշտել է ռուս դիվանագետը։