Այլընտրանք չունի, քան Հնդկաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելը. Պակիստանի ՊՆ
Իսլամաբադն այլընտրանք չունի, քան Հնդկաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելը։ Այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը
«Մենք այլ տարբերակ չունենք։ Մենք պետք է նույն մետաղադրամով նրանց հատուցենք»,-նշել է նա:
Հավելենք, որ այսօր ավելի վաղ The Telegraph-ը հաղորդել էր, որ Հնդկաստանը գերձայնային թևավոր հրթիռներով զինված ռազմանավեր է ուղարկել Պակիստանի ափեր՝ երկու միջուկային տերությունների միջև մի քանի օր տևած սահմանային բախումներից հետո:
Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը հայտնել է, որ Նյու Դելին իր արևմտյան նավատորմը տեղափոխել է Արաբական ծովի հյուսիսային մասին ավելի մոտ՝ Պակիստանի ամենամեծ նավահանգստի՝ Կարաչիի հարվածային հեռավորության վրա։
Հարվածային խումբը ներառում է ավիակիր, ականակիրներ, ֆրեգատներ և հակասուզանավային նավեր և գտնվում է Պակիստանի ափերից մոտավորապես 300-400 մղոն հեռավորության վրա։
Նավերից մի քանիսը կրում են «ԲրահՄոս» հրթիռը, որը մասամբ մշակվել է Ռուսաստանում, կրում է 300 կիլոգրամանոց մարտագլխիկ և կարող է զարգացնել մինչև 3 Մախ արագություն և խոցել մինչև 500 մղոն հեռավորության վրա գտնվող թիրախներ։
Վերլուծաբանները զգուշացնում են, որ Կարաչիի վրա հարվածը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Պակիստանի համար, քանի որ երկրի առևտրի 60%-ն անցնում է այդ նավահանգստով։ Բացի այդ, այնտեղ է գտնվում նրա ռազմածովային շտաբը։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի ՊՆ–ն հայտնել էր, որ Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանն ի պատասխան՝ իրականացրել է «Սինդուր» գործողությունը՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։
Հավելենք, որ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։ Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին: