ԱՄՆ-ը կապ չունի Կուբայի ճգնաժամի հետ․ Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է Կուբայում ճգնաժամի խորացմանն առնչվող մեղադրանքները՝ հայտարարելով, որ տնտեսական շրջափակում իրականացնող Միացյալ Նահանգներն իբրև թե որևէ կապ չունի կղզում ստեղծված ծանր իրավիճակի հետ։
«Կարծում եմ՝ բոլորին պետք է հիշեցնել, որ այս ամենն անցյալ շաբաթ չի սկսվել։ Արդեն երեք-չորս տարի է, գուցե և ավելի, ինչ Կուբան հումանիտար աղետի մեջ է»,- ասել է Ռուբիոն Կոլումբիայում լրագրողների հետ զրույցում։
Պետքարտուղարը կղզում տիրող հումանիտար ճգնաժամի ողջ պատասխանատվությունը բարդել է տեղական իշխանությունների վրա։
Դեռ սեպտեմբերին Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան հայտնել էր, որ ԱՄՆ-ի առևտրային և ֆինանսական շրջափակման հետևանքով երկիրը ռեկորդային վնասներ է կրել։ Նրա խոսքով՝ 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է 8,083 միլիարդ դոլար, ինչը 7%-ով գերազանցում է նախորդ ռեկորդային ցուցանիշը։ Նախարարը հավելել է, որ տասնամյակներ շարունակվող ամերիկյան ճնշումների պատճառով Կուբայի ընդհանուր կորուստները ներկայիս գներով գնահատվում են 178,7 միլիարդ դոլար՝ չհաշված էներգետիկ էմբարգոյի և ԱՄՆ-ի երկրորդային պատժամիջոցների հասցրած վնասները։
Օգոստոսին ԱՄՆ-ն ընդլայնել էր Կուբայի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ սև ցուցակում ներառելով «Ժողովուրդների հետ բարեկամության կուբայական ինստիտուտի» (ICAP) երեք ղեկավարի և ինը կազմակերպություն, այդ թվում՝ շինարարության նախարարությունը։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև հանքարդյունաբերության, մետալուրգիայի, արտաքին առևտրի և այլ ոլորտների ձեռնարկություններ:
Կուբայի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան նոր սահմանափակումները խոչընդոտում են բնակչությանը կենսական նշանակության ծառայություններով ապահովելուն։
Միացյալ Նահանգները Կուբայի նկատմամբ տնտեսական էմբարգոն պահպանում է դեռ 1960-ականների սկզբից։ Վերջին տարիներին Վաշինգտոնն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը, իսկ կուբայական իշխանությունները բազմիցս նշել են, որ սահմանափակումների խստացումը վառելիքի պակասի, էլեկտրամատակարարման խափանումների և տնտեսական ճգնաժամի խորացման գլխավոր պատճառներից մեկն է։ 2026 թվականի ամռանը երկրի ղեկավարությունը հայտարարեց լայնածավալ տնտեսական բարեփոխումների մասին՝ դա բացատրելով խստացված պատժամիջոցների պայմաններին հարմարվելու անհրաժեշտությամբ։



