երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Իրանը հայտարարել է, որ Թրամփի խոսքերը վտանգի տակ են դրել Շվեյցարիայում բանակցությունները

Իրանը հայտարարել է, որ Թրամփի խոսքերը վտանգի տակ են դրել Շվեյցարիայում բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին արված հայտարարությունները լուրջ վտանգի տակ են դրել Բյուրգենշտոկում ընթացող բանակցային գործընթացը, սակայն Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը, եթե Վաշինգտոնը դիվանագիտական կարգավորման ձգտում ունենա։ Այս մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։

«ԱՄՆ նախագահի հայտարարությունները որոշակի խնդիրներ են ստեղծել Բյուրգենշտոկում ընթացող բանակցությունների ընթացքում։ Դրանք բանակցությունները դրել են շատ լուրջ վտանգի տակ», - ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցում՝ մեկնաբանելով բանակցությունների ընթացքը։

Միաժամանակ Բահրեյնին ընդգծել է, որ քանի դեռ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է ցուցաբերում բանակցել Իրանի հետ և լուծել առաջացած հարցերը, Իրանը կշարունակի բանակցությունները և կմասնակցի երկխոսությանը։

 

«Բայց ես կարծում եմ, որ այժմ բոլորի համար պետք է պարզ լինի՝ ռազմական միջոցները ոչինչ չեն տա Իրանի առնչությամբ։ Ռազմական միջոցները պետք է ընդմիշտ բացառվեն գործողությունների հնարավոր տարբերակների շարքից», - հավելել է մշտական ներկայացուցիչը։

  • Կիսվել: