երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
«ԱՄՆ-ն քաղաքականապես և մշակութային առումով երես է թեքում Եվրոպայից». Գերմանիայի ֆինանսների նախարար

«ԱՄՆ-ն քաղաքականապես և մշակութային առումով երես է թեքում Եվրոպայից». Գերմանիայի ֆինանսների նախարար

Բեռլինի Գերմանական տնտեսական հետազոտությունների ինստիտուտում (DIW) դասախոսության ժամանակ Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը հայտարարել է, որ Եվրոպան պետք է հիմնարար կերպով վերանայի իր մոտեցումը, քանի որ ավանդական դաշինքները քայքայվում են, իսկ առևտուրը գնալով ավելի ռազմականացվում է, տեղեկացնում է Reuters-ը։

«Մեզ անհրաժեշտ է ավելի շատ եվրոպական հայրենասիրություն։ Դա նշանակում է, որ երբ մենք պետական ​​ներդրումներ ենք կատարում, օգտագործում ենք Եվրոպայում արտադրված ապրանքներ»,- ասել է գերմանացի նախարարը։

«Տրանսատլանտյան դաշինքը, ինչպես այն գիտեինք, քայքայվում է»,-հավելել է Քլինգբեյլը՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ազգային անվտանգության ռազմավարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն «քաղաքականապես և մշակութային առումով երես է թեքում Եվրոպայից»։

Գերմանիայի ֆինանսների նախարարը շեշտել է, որ առևտուրն ավելի ու ավելի է զենքի վերածվում սուբսիդիաների, ավելցուկային հզորությունների, մաքսատուրքերի և արտահանման վերահսկողության միջոցով, ինչը ճնշում է գործադրում արտահանման վրա կենտրոնացած Գերմանիայի տնտեսության վրա։

«Մենք պետք է ավելի ուժեղ և ինքնիշխան դառնանք՝ մեծ տերությունների խաղաքարտեր չդառնալու համար։ Նրանք, ովքեր կարծում են, թե մենք կարող ենք պարզապես ելք գտնել այս իրավիճակից, թերագնահատում են ներկայիս ցնցումները»,-ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման տեսակետ արտահայտնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Միացյալ Նահանգները կայացած տերություն է, որն աստիճանաբար երես է թեքում իր դաշնակիցներից և հրաժարվում է այն միջազգային կանոններից, որոնք ինքն էր առաջ մղում»,-նշել էր նա:

  • Կիսվել: