«ԱՄՆ-ն պետք է անհապաղ վերացնի Կուբայի դեմ միակողմանի պատժամիջոցները». Չինաստանի ԱԳՆ
Չինաստանը կտրականապես դեմ է արտահայտվում Կուբայի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներին, կոչ է անում Վաշինգտոնին անհապաղ չեղարկել Հավանայի դեմ բոլոր միակողմանի սահմանափակող միջոցները:
Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
«Չինաստանը սատարում է Կուբայի կառավարության և ժողովրդի՝ սոցիալական կայունության ապահովմանն ուղղված ջանքոերը: Մենք կտրականապես դեմ ենք, որ որևէ երկիր օգտագործի «ազատության», «ժողովրդավարության» և «մարդու իրավունքների» այսպես կոչված դրոշը` այլ պետությունների ներքին գործերին միջամտելու, միակողմանի պատժամիջոցների սահմանման, այլ երկրների նկատմամբ ճնշում գործադրելու կամ հետապնդումներ իրականացնելու նպատակով դավադրության համար»,-հայտարարել է դիվանագետը:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները նախ պետք է մանրամասնորեն ուսումնասիրի մարդու իրավունքների սեփական խնդիրները` փոխանակ պատժամիջոցներ կիրառելու, այլ երկրների ներքին գործերին կոպտորեն միջամտելու, տարաձայնություններ ստեղծելու կամ առճակատման գնալու:
«ԱՄՆ-ն պետք է անհապաղ վերացնի Կուբայի դեմ միակողմանի պատժամիջոցները` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի, ավելի շատ ջանքեր գործադրի ԱՄՆ-Կուբա հարաբերությունների բարելավման և միջազգային և տարածաշրջանային կայունության խթանման համար»,-ավելացրել է Լիցզյանը: