ԱՄՆ-ն կվերացնի Սիրիայի դեմ պատժամիջոցները և կապահովի 600 մլրդ դոլարի գործարք Սաուդյան Արաբիայի հետ. Թրամփ
Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պարսից ծոցի երկրներ իր այցը սկսել է անսպասելի հայտարարություններով. «Միացյալ Նահանգները կվերացնի Սիրիայի դեմ երկարատև պատժամիջոցները, որպեսզի այդ երկրին հզորանալու հնարավորություն տա»: Թրամփը պարզաբանել է, որ համապատասխան որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իրավիճակը քննարկելուց հետո։
Դամասկոսը ողջունել է Թրամփի կողմից պատժամիջոցները չեղարկելու հայտարարությունը։ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «վճռորոշ շրջադարձային կետ է սիրիացի ժողովրդի համար՝ դեպի տնտեսական կայունություն և իրական վերականգնում երկարամյա ավերիչ պատերազմից հետո»,- այս կապակցությամբ ասել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ ալ-Շիբանին։
Թրամփի մյուս հայտարարությունները վերաբերում են Սաուդյան Արաբիայի հետ գործակցությանը: ԱՄՆ-ն համաձայնել է Էր Ռիադին վաճառել գրեթե 142 միլիարդ դոլարի արժողությամբ զենքի փաթեթ: Սպիտակ տունն այն անվանել Է Վաշինգտոնի կողմից երբևէ կնքված ամենամեծ «պաշտպանական համագործակցության համաձայնագիրը»։
Սաուդյան Արաբիան էլ պարտավորվել է 600 միլիարդ դոլարի ներդրումներ կատարել ԱՄՆ-ում։ Ներդրումների ոլորտներից մեկը կլինեն արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնները: