Ամեն օր բшխվում ենք հիբրիդային սպшռնшլիքների, որոնց զգալի մասը Ռուսաստանից է. Միրզոյան
Եթե մեզ մեղադրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ, ապա, կներեք, մինչ մեզ հարաբերություններն այնքան փայլուն էին, որ Ռուսաստանը Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի զե՞նք վաճառեց։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ ասել է ՔՊ կուսակցության պատգամավորի թեկնածու, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Երբ ասում են, թե «Վերին Լարս» անցակետը փակվում է, պետք է հաշվի առնել, որ այն մինչև 2018 թվականն էլ պարբերաբար փակվում էր տարբեր ապրանքների համար։ Այնպես որ՝ դրանում որևէ նոր բան չկա։ Հանգստացե՛ք»:
ԱԳ նախարարը նաև նշել է, որ ներկայիս իշխանությունների օրոք Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին են վկայում անցյալ տարի՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները և տարբեր մակարդակներում շփումների ինտենսիվությունը։
Միևնույն ժամանակ, սակայն, Միրզոյանն ընդգծել է. «Մենք լսում ենք ռուսաստանցի պատգամավորների, տարբեր մեդիաների ներկայացուցիչների և փորձագետների, որոնք պատերազմ են հայտարարել Հայաստանի ինքնիշխանությանը և անընդհատ միջամտում են Հայաստանի ներքին գործերին։
Մենք ամեն օր և ամենուր բախվում ենք հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ ահռելի քանակությամբ ապատեղեկատվության և հանրային կարծիքի մանիպուլյացիաների, որոնց մի մասը գեներացվում է Հայաստանի ներսում՝ քաղաքական և փորձագիտական համայնքի կողմից, իսկ մյուս մասը՝ արտերկրից, այդ թվում՝ զգալի մասը՝ Ռուսաստանից»:


