Ահավոր հիմար իրավիճակ է. Բորիս Ջոնսոնը՝ Brexit-ի ժամկետի երկարաձգման մասին
«Իրավիճակը շատ բարդ է, և ես վախենում եմ, որ խորհրդարանն անհույս է»,-այս մասին թվիթերյան գրառում է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ անդրադառնալով Թագավորության՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին:
Նա նշել է. «Թեև նախորդ շաբաթ մեր եվրոպական գործընկերների հետ հրաշալի գործարքի շուրջ համաձայնության էինք եկել, սակայն պատգամավորները քվեարկեցին Brexit-ի ժամկետի հետաձգման օգտին: Սա ահավոր հիմար իրավիճակ է, քանի որ հիմա Եվրամիությունն է որոշում, թե որքան ենք մենք դեռ ստիպված մնալ ԵՄ կազմում»:
Ջոնսոնն ընդգծել է, որ մեղավորը բրիտանացի պատգամավորներն են, որ երկիրը հայտնվել է նման իրավիճակում, քանի որ նրանք ընդունել են «պարտվողական օրենք», որն իրեն ստիպել է Brexit-ի ժամկետի երկարաձգման խնդրանքով դիմել ԵՄ-ին:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կողմնակից Ջոնսոնը նաև նշել է, որ Համայնքների նոր պալատի ձևավորումը լավագույն ելքն է Թագավորության համար: