շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ահաբեկիչների դեմ չեն պայքարում պատերազմ հայտարարելով. Թուրքագետը՝ թուրքական զորքերի Սիրիա ներխուժման մասին

Ահաբեկիչների դեմ չեն պայքարում պատերազմ հայտարարելով. Թուրքագետը՝ թուրքական զորքերի Սիրիա ներխուժման մասին

Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը ցույց տվեց, որ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությունները Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու մասին, սին են, Primenews.am-ի հետ զրույցում մեկնաբանելով թուրքական իշխանությունների գործողությունները, ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում բարձր ամբիոնից Էրդողանը հայտարարում էր, թե հարգում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։  Ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը։ Եթե դու ուզում ես այլ երկրի տարածքում ստեղծել անվտանգ գոտի, ի՞նչ ինքնիշխանության հարգել է սա», -նկատեց թուրքագետը։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի խոսքով, սահմանին կուտակված ահաբեկիչները, որոնց վերացնելու համար իբրև թե Թուրքիան սկսել է այս արշավը, Սիրիայի տարածքում են։ «Եթե նրանք իսկապես ահաբեկիչ են, ապա դրանց դեմ պայքարը Դամասկոսի իշխանությունների խնդիրն է և ոչ թե Թուրքիայի։ Եթե դրանք իսկապես ահաբեկիչներ են, դրանց դեմ պետությունները պատերազմ չեն հայտարարում, զենքով, զորքով տանկերով, հրետանիով ներխուժումը պատերազմ է նշանակում։ Ահաբեկիչների դեմ պայքարում են դրանց ոչնչացնելով ու դա հանձնարարում են ներքին զորքերին», -նշեց նա՝ ընդգծելով, որ Թուրքիան արդեն իսկ խախտել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։

Ավելին, ըստ նրա, թուրքական իշխանությունները Աֆրինում թուրք կուսակալ են նշանակել, Էրդողանի հրահանգով, փոստային ծառայությունների մասնաճյուղեր են բացվել, ինչը նշանակում է օկուպացված տարածքների յուրացում։

Ավելի վաղ, Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողության անունն է «Խաղաղության գարուն»։ Այդ օպերացիայի նպատակն է «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին և «Իսլամական պետության» ջոկատները, ստեղծել անվտանգության գոտի և ապահովել սիրիացի փախստականների վերադարձի պայմաններ»։

Այս նախաձեռնությունը պաշտպանել է Քաթարը, ԱՄՆ նախագահը հայտարարլ է, որ դա վատ գաղափար է, ԵՄ երկրները քննադատել են Թուրքիայի հարձակումը, իսկ պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ մտադիր չէ «ներքաշվել թուրք-սիրիական կոնֆլիկտի մեջ»։ Այսօր Թուրքիայի հարձակումը Սիրիայի տարածքի վրա դատապարտել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ», -ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: