Ադրբեջանն ու Թուրքիան շուրջ 500 մլն դոլարի պայմանագրեր են կնքել
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման մի շարք պայմանագրեր են կնքել, ինչպես նաև ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Հալուք Գյորգյունը հայտնել է, որ համաձայնագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 500 միլիոն դոլարը:
Նրա խոսքով՝ համաձայնագրերը նախատեսում են Ադրբեջանին տարբեր ավիացիոն, անօդաչու, ռադարային և հրթիռային համակարգերի մատակարարում։
Մասնավորապես՝ թուրքական TUSAŞ ընկերությունը պայմանագիր է կնքել HÜRKUŞ ինքնաթիռների մատակարարման համար։ ASELSAN ընկերության հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ALP-100 ռադարի մատակարարման վերաբերյալ։
Բացի դրանից, BAYKAR-ը Ադրբեջանին Mızrak պարեկող զինամթերք և Antidot համակարգ կմատակարարի։ ROKETSAN ընկերությունը պայմանագիր է կնքել Barbaros առափնյա պաշտպանական համակարգի մատակարարման համար։
Գյորգյունը հայտարարել է, որ ստորագրված համաձայնագրերը «կնպաստեն երկու երկրների պաշտպանական հնարավորությունների ամրապնդմանը»։



