Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանի ԱԳՆ-ում հանդիպումից հետո հեռացել է
Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը, որը կանչվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, տեղի ունեցած հանդիպումից հետո արդեն հեռացել է գերատեսչությունից: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Դիվանագետը ՌԴ ԱԳՆ-ում է գտնվել շուրջ 1 ժամ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հունիսի 30-ին հայտնել էին, որ Մուստաֆաևը կանչվել է Բաքվի անբարյացակամ գործողությունների և ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալության կապակցությամբ:
Ավելի վաղ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում: Ռուսական կողմին չէր հաջողվել կապ հաստատել լրագրողների հետ։
Sputnik–ի խմբագրությունում հայտնել են, որ իրենք Ադրբեջանում աշխատանքի որևէ պաշտոնական արգելք չեն ստացել, ընթացել է երկխոսություն աշխատանքային խմբերի մակարդակով հնարավոր տարաձայնությունների կարգավորման համար:
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լարվել են Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Ռուսաստանի քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ իրավապահ մարմինները հունիսի 27-ին կասեցրել են էթնիկ խմբավորման գործունեություն։ Հետաքննության վարկածով՝ գործով անցնողները ներգրավված են եղել սպանությունների և սպանության փորձերի մի շարք միջադեպերում, որոնք Եկատերինբուրգի տարածքում կատարվել են 2001, 2010 և 2011 թվականներին։
Ըստ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի տեղեկատվության՝ քննության շրջանակներում ձերբակալվել է Ռուսաստանի վեց քաղաքացի։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը մահացել է սրտի անբավարարությունից։ Երկրորդ անձի մահվան պատճառը պարզվում է։ Ադրբեջանական կողմը սա անվանել է սպանություն։
Բաքվում բողոք են հայտնել ուժայինների գործողությունների առիթով, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ չեղարկվել են Ռուսաստանի Դաշնության հետ մշակութային և մի շարք այլ միջոցառումներ։ Կրեմլում ընդգծել են, որ Մոսկվան ափսոսում է Բաքվի այդ որոշումների համար։