շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վարչապետը Կառավարության նիստին ընթերցեց մի քաղաքացու նամակ և հանձնարարեց պատասխանել մինչև հաջորդ նիստը

Վարչապետը Կառավարության նիստին ընթերցեց մի քաղաքացու նամակ և հանձնարարեց պատասխանել մինչև հաջորդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ ապրիլի 10-ի նիստին մի քաղաքացուց ստացած նամակ ընթերցեց: Քաղաքացին նշում էր՝ ըստ օրենքի՝ շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռնարկատերը մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնի շրջանառության հարկի նոր ձև: Մինչդեռ, ինչպես ներկայացրել էին ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հանրային քննարկումների ժամանակ, այն, որ նոր ձևը լրացվում է ինքնաշխատ, իրականում, ըստ քաղաքացու, չի համապատասխանում իրականությանը:

«Եթե մինչ այդ ինքնաշխատ ձևով լրացվում էին փաստաթղթով ձեռք բերված ապրանքների սկզբնական արժեքները, ապա այժմ դա էլ չի լրացվում հաշվետվությունում, միայն ինքնաշխատ զրոներն են լրացվում,- գրել էր քաղաքացին, ապա նկատել, որ հաշվետվություն գրելը մեծ դժվարություն չէ, եթե հարկային փոփոխություններում հստակ գրված լինեն այն ծախսերը, որոնք պետք է ներառվեն շրջանառության հարկ վճարողի մոտ:

«Դժվարությունն այն է, որ ՊԵԿ ներկայացուցչի և ֆինանսների նախարարության ներկայացուցչի մեկնաբանություններն այդ ծախսերի վերաբերյալ տարբեր են, և հաշվետվության ինքնաշխատ չլրացման դեպքում դժվար կլինի հարկային տեսուչին ապացուցել հաշվարկված և վճարված հարկի ճշգտությունը»,- գրել էր նա և խնդրել, որ վարչապետը ՊԵԿ-ին ու ֆինանսների նախարարությանը հանձնարարի պարզաբանել, թե առևտրական գործունեությամբ զբաղվող ԱՁ-ի իրացման ծախսերի մեջ ներառվո՞ւմ են առևտրի կենտրոնում վարձակալված տարածքի վարձավճարը, որտեղ իրականացվում է առևտուրը, նաև գանձապահ խորհրդատուի աշխատավարձը, որն իրականացնում է ապրանքի վաճառք, ինչպես նաև պոստտերմինալով վաճառքի դեպքում անկանխիկ վաճառքի դեպքում վաճառված, իրացված ապրանքի գնից՝ բանկի կողմից գանձվող 1,8-2,5 տոկոս միջնորդավճարը:

«Եթե հաշվետվությունը չի լրացվելու ինքնաշխատ, ապա հարցերի պատասխանների հստակ պարզաբանման դեպքում միայն ԱՁ-ն կարող է լրացնել և ճիշտ հաշվարկել իր հարկը և խնդիրներ չունենալ հարկային տեսուչների հետ ստուգումների ժամանակ»,- գրել էր քաղաքացին:

Նամակն ընթերցելուց հետո Փաշինյանը տեղեկացրեց, որ վերահասցեագրել է նամակը՝ պատասխան ստանալու, բայց առավոտվա դրությամբ պատասխան չի ստացել: Վարչապետը խնդրեց պատկան մարմիններին պատասխան տալ, որպեսզի Կառավարության հաջորդ նիստին հրապարակի այն:

  • Կիսվել: