Ուսումնասիրում ենք բենզինի շուկան. վերջին թանկացումների մասին դեռեւս տվյալներ չկան. Գեղամ Գեւորգյան
Մենք գնաճին չենք կարող անդրադառնալ, մեր կառույցը գնաճի հետ առնչություն չունի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
«Գների բարձրացումը մեզ կարող է առնչվել երկու պարագայում, երբ որ կա գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ, որը չարաշահում է թույլ տվել գների բարձրացմաբ տեսքով եւ երկրորդը, եթե կա հակամրցակցային համաձայնություն:
Այս պարագայում մենք մի շարք շուկաներում ուսումնասիրություն ենք անում, մի շարք շուկաներում ավարտել ենք եւ հրապարակել ենք արդյունքները: Մենք արդեն հրապարակել ենք հավի եւ ձվի շուկայում չարաշահում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների կողմից: Երկրորդ, բենզինի շուկայում ուսումնասիրություն ենք իրականացնում, բայց վերջին թանկացումների մասին դեռեւս տվյալներ չկան, որովհետեւ դրանք ամփոփվում են եռամսյակն ավարտելուց հետո: Մենք այդ տվյալներն ստանալուց հետո անպայման ուսումնասիրության ավարտը կարձանագրենք եւ կտեսնենք իրավախախտման հատկանիշներ, վարույթ կսկսենք եւ դրանց արդյունքները կհրապարակենք: Եթե տեսնենք իրավախախտման հատկանիշներ չկան, մեր ուսումնասիրության արդյունքները կհրապարակենք»,-ասաց նա:


