երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ունենք բավականին լավ ցուցանիշ՝ 900 հաստատված դիմում. ԱՍՀ նախարարի տեղակալը՝ անհուսալի վարկերի մասին

Ունենք բավականին լավ ցուցանիշ՝ 900 հաստատված դիմում. ԱՍՀ նախարարի տեղակալը՝ անհուսալի վարկերի մասին

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության պետական ծրագիրը փետրվարի 1-ից գործարկվել է: Մեկնարկի համար բավականին լավ ցուցանիշ ունենք: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե քանի մարդու դիմում է արդեն հաստատվել:

«Այս պահին մոտ 900 հաստատված դիմում ունենք»,- ասաց նախարարի տեղակալը:

Դավիթ Խաչատրյանը հատկանշական համարեց այն փաստը, որ կան մարդիկ՝ մոտավորապես 7-8 տոկոսը հաստատվածների, որոնք դեկտեմբերին չեն ունեցել զբաղվածություն, բայց ծրագրին մասնակցելու համար ձեռք են բերել զբաղվածություն: Ըստ նախարարի տեղակալի՝ հենց սա է եղել նախաձեռնության նպատակը:

Հիշեցնենք, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով 2025 թվականի փետրվարի 1-ից գործարկվել է միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

  • Կիսվել: