չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
ՏԿԵ փոխնախարարը Մոլդովայի պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ-ում համայնքների միավորման գործընթացը

ՏԿԵ փոխնախարարը Մոլդովայի պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ-ում համայնքների միավորման գործընթացը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Մոլդովայի հինգ քաղաքների և համայնքների (Քիշնև, Բալթի, Ջուրդուլեստի, Անենի Նոյ և Պուտինեյ) ներկայացուցիչներին։

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ այցը կազմակերպվել էր «Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի «Համայնքների միջև փորձի և գիտելիքների փոխանակման ուսուցողական այցերի կազմակերպում» բաղադրիչի ներքո։

Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել է «Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ունեցած հարուստ և արդյունավետ փորձը։
 

Անցնելով օրակարգային հարցերին՝ Տերտերյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ում իրականացրած համայնքների միավորման ամբողջ գործընթացը։

Նախարարի տեղակալը խոսել է խոշորացման արդյունքում առկա իրավիճակի, մի շարք առավելությունների՝ հատկապես փոքր բնակավայրերի համար, հետագա քայլերի հաջորդականության և կարևոր այլ հարցերի մասին։

Մոլդովայի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ համայնքների ապակենտրոն կառավարումը բարելավելու համար ՀՀ կառավարության ներդրած ջանքերն ու իրականացրած բարեփոխումները, համայնքների խոշորացման հայաստանյան փորձը, վարչատարածքային բարեփոխումները մեծ և կարևոր արժեք ունեն փորձի փոխանակման համատեքստում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված կառավարության քայլերին, համայնքներում իրականացվող պետական սուբվենցիոն ծրագրերին և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

  • Կիսվել: