երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Տեսչական մարմինը որակական խնդիրներ չի արձանագրել ադրբեջանական բենզինի մեջ

Տեսչական մարմինը որակական խնդիրներ չի արձանագրել ադրբեջանական բենզինի մեջ

Հայաստանյան բենզալցակայաններում վաճառվող ադրբեջանական բենզինից վերցվել են փորձանմուշներ, լաբորատոր փորձաքննություններ արվել են, և խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին։ 2025 թ. իրենց աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։
 
Նա նշեց, որ այս թեմայով հարցում են արել Չափագիտության և ստանդարտացման ազգային մարմին, և այս տեղեկությունները կենտրոնն է տրամադրել տեսչությանը:
 
«Որակական առումով որևէ խնդիր չի եղել։ Բենզալցակայաններում տեսչական մարմնի ստուգումների ընթացքում մենք ընդհանրապես տեղյակ չենք լինում, թե տյալ լցակայանում որ երկրից է ներմուծվել բենզինը»,– վստահեցրեց Կոտոլյանը։
Ինչ վերաբերում է այս ոլորտում 2025 թվականի ընթացքում արձանագրված խախտումներին, ապա տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ անցած տարի 33 ոլորտներից թիրախավորել են հիմնականում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, խաղալիքների, ցածրաոլտ սարքավորումների, երեխաների և դեռահասների համար արտադրանքի, չափումների միասնականության ապահովման ոլորտները։
 
Բենզինի և դիզելային վառելիքի շուկայում անվտանգության ցուցանիշների խախտումների տեսակարար կշիռը կազմել է 13.4 տոկոս։
 
«Դիզելային վառելիքի մասով 27 փորձանմուշից 17–ում արձանագրվել են անհամապատասխանություններ։ Բոլոր այս կետերում, որտեղ տեսչական մարմինը հայտնաբերում է թերլիցքավորումներ, բացի տնտեսվարողին պատժելուց, վառելիքաբաշխիչ ապարատների վրա 1 ամսով փակցվում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակը, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն, որ տվյալ տնտեսվարողն անբարեխիղճ է»,– նշեց Կոտոլյանը։
 
Նրա խոսքով` դիզելային վառելիքի մեջ հիմնականում հայտնաբերվել են ծծմբի թույլատրելի քանակների շեղումներ` այն ավելի բարձր է եղել, իսկ բենզինի դեպքում հիմնական խնդիրը եղել է այն, որ ավելի թեթև բենզին է եղել, քան ներկայացվել է։

  • Կիսվել: