ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով Պուլկովոյում չեղարկվել է 21 չվերթ, 32-ը՝ ուշացել
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով ավելի քան վեց ժամ սահմանափակվել են ինքնաթիռների ընդունումն ու մեկնումը։ Հոկտեմբերի 18-ի առավոտյան տվյալներով՝ 32 չվերթ առնվազն երկու ժամով ուշացել է, 21 չվերթ չեղարկվել է, իսկ 11 ինքնաթիռ ուղղվել է պահեստային օդանավակայաններ։
Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ուղևորներն ու աշխատակիցները տեղափոխվել են անվտանգ գոտիներ։ Օդանավակայանի ենթակառուցվածքը չի վնասվել։
Առավոտյան սահմանափակումները հանվել են, և օդանավակայանը սկսել է նախապատրաստվել չվերթների սպասարկման վերսկսմանը։ Սակայն չվացուցակի ամբողջական վերականգնման համար կարող է մինչև մեկ օր պահանջվել։ Ուղևորներին հորդորել են հետևել ավիաընկերությունների ծանուցումներին և չժամանել օդանավակայան նախատեսվածից շուտ։
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի տվյալներով՝ մարզի երկնքում անօդաչուներ են խոցվել։ Դրանց բեկորների անկման հետևանքով Լոմոնոսովի շրջանում վնասվել է չորս ավտոմեքենա։



