Սպեկուլյացիա չկա, մարդը տեսել է, որ կարող է եկամտահարկով ունենալ 3-րդ տունը և չի խորշել դրանից. ԿԲ նախագահ
Կենտրոնական բանկը ֆինանսական կայունության իր վերջին զեկույցում մի քանի անգամ նշել է, որ կան ռիսկեր, որ անշարժ գույքի շուկայում կա որոշակի գերտաքացվածություն։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Այսինքն խոսքը այն մասին է, որ տարբեր ծրագրերի, ներառյալ եկամտային հարկի վերադարձի ծրագրի պատճառով մենք անշարժ գույքի շուկայում գների որոշակի աճ ունենք ու մեր մտավախությունը նա էր, որ այդ գների միանգամից անկումը կամ արագ անկումը կարող է առաջացնել անցանկալի երևույթներ տնտեսության մեջ։ Բարեբախտաբար մենք տեսնում ենք, որ այդ ռիսկերը չեզոքանում են։ Այսինքն գների ճշգրտումը տեղի է ունենում աստիճանաբար, ինչը ամենացանկալի սցենարն է»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ հիփոթեքային վարկավորման ոլորտում կան սպեկուլյացիոն երեւույթներ, որ տոկոսադրույքներն աճում են, Մարտին Գալստյանը նախ նկատեց, որ իրենք «սպեկուլյացիոն» բառը չեն օգտագործում, ապա հավելեց. «Ես այդտեղ սպեկուլյացիա չեմ տեսնում, ես այդտեղ տեսնում եմ հնարավորությունների ընձեռում ֆիզիկական անձանց համար, որոնցից նրանք օգտվել են։ Այսինքն մարդ, որը ուներ մեկ բնակարան կամ երկու բնակարան, ինքը տեսել է, որ կա հնարավորություն եկամտահարկի վերադարձի ծրագրով ունենալ երրորդը ու չի խորշել դա անունենալուց։ Այդտեղ ոչ մի սպեկուլյացիայի էլեմենտ չկա։ Ինքը դա չի անում սպեկուլյացիայի համար։ Սպեկուլյացիան ի՞նչ է, վերցնել ինչ-որ մի բան, ակնկալիքով, որ իր գինը կլինի ավելի թանկ, որպեսզի դու կարողանաս ավելի թանկով իրացնես»։


