հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կա. Սիմիդյանը՝ Շիկահողի արգելոցում ստեղծված իրավիճակի մասին

Շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կա. Սիմիդյանը՝ Շիկահողի արգելոցում ստեղծված իրավիճակի մասին

2022 թվականի սեպտեմբերի դեպքերից հետո հաշվեգնահատում արել ենք թե՛ Սյունիքի մարզում, թե՛ Վայոց ձորի մարզում, տվյալները կան: Նաև միջազգային հարթակներում մեր գործընկերներին ենք ներկայացրել այդ ամենը: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, որը վերաբերում էր Շիկահողի արգելոցի վերաբերյալ մամուլի հրապարակումներին առ այն, որ ադրբեջանական զինուժը արգելոցի հարակից տարածքներում շինաշխատանքների նպատակով իրականացրել է ծառահատումներ:

«Ոչ միայն Շիկահողի, այլև տարբեր հատվածներում ինժեներական աշխատանքների հետևանքով, այո՛, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կա, բայց դա, իհարկե, անվտանգային ու այլ հարցերի հետ ուղիղ կապ ունի: Ես այս պահին վերականգնելու կամ այլ միջոցառումների մասին հստակ բան չեմ կարող ասել»,- ասաց Հակոբ Սիմիդյանը:

Հարցին՝ արդյոք բնապահպանական, օրինակ՝ ծառերի սրսկման կամ այլ ծրագրեր կարողանում  է նախարարությունն այդ հատվածում իրականացնել, թե ոչ, նախարարը պարզաբանեց՝ այս տարի սրսկման գործընթացն իրականացվել է դրոններով, որը ավելի մեծ հնարավորություն է տալիս սահմանային մասերում խորանալ և աշխատանքներ կատարել:

«Նախորդիվ, իհարկե, ավելի մեծ խնդիր կար ուղղաթիռների դեպքում, բայց այս տարվա ընթացքում, կարծում եմ, նաև այդ իմաստով արդյունք կունենանք»,- հայտնեց նախարարը: 

  • Կիսվել: