ՇՄ նախարարությունից հորդորում են չայրել խոզանները և չնպաստել շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են չայրել խոզաններն ու բուսական մնացորդները և չնպաստել շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից նշում են, որ հաճախ մարդիկ, չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո այրում են խոզաններն ու բուսական մնացորդները:
Գերատեսչությունից զգուշացնում են, որ հրդեհները կարող են ոչնչացնել բնակմիջավայրերը՝ ներառյալ անտառները, առանձին էկոհամակարգերը` խոտածածկ և ջրաճահճային տարածքները: Սա հանգեցնում է տարբեր բույսերի և կենդանիների տեսակների համար կարևոր ապաստարանների և բնադրավայրերի կորստի:
Շատ տեսակներ, մասնավորապես որդերը, միջատները, սողունները, մանր կաթնասունները, կրծողները, մանր թռչունները հրդեհներից պաշտպանվելու կամ փրկվելու հնարավորություն չունեն: Նրանք, ինչպես նաև դրանց բները, ձվերը, ձագերը և այլն, կարող են ոչնչանալ կրակի կամ ծայրահեղ շոգի պատճառով, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազմանը:
Հրդեհները կարող են խախտել էկոհամակարգերի նուրբ հավասարակշռությունը, կարող են խաթարել էկոլոգիական գործընթացները, ինչպիսիք են սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը, բույսերի սերմերի տարածումը: Այս խանգարումը կարող է ազդել տեսակների, ինչպես նաև էկոհամակարգերի ինքնավերականգնման հատկության վրա: Հրդեհի նկատմամբ զգայուն որոշ տեսակներ կարող են անհետանալ, մինչդեռ կրակին դիմակայելու ունակ տեսակները կարող են գերիշխող դառնալ: Սա կարող է հանգեցնել տեսակների կազմի փոփոխության, դրանց միջև նուրբ կապերի հավասարակշռության խախտման ու կենսաբազմազանության կորստի:
«Որոշ էկոհամակարգերի դեպքում երկար ժամանակ է պահանջվում հրդեհից վերականգնվելու համար, հատկապես, եթե հրդեհների հաճախականությունն ու ուժգնությունն ավելի բարձր է, քան էկոհամակարգերի ինքնավերականգնման հատկությունը: Ինքնավերականգնման այս երկար ժամանակահատվածը կարող է վտանգել տարբեր բուսական և կենդանական տեսակների, դրանց պոպուլյացիաների վերականգնումը»,-ավելացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:



