երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Շատ հավակնոտ ծրագիր ենք ներկայացրել, որով պլանավորում ենք մինչև 2030-ը դեֆիցիտն իջեցնել մինչև 1 տոկոսի. Վահե Հովհաննիսյան

Շատ հավակնոտ ծրագիր ենք ներկայացրել, որով պլանավորում ենք մինչև 2030-ը դեֆիցիտն իջեցնել մինչև 1 տոկոսի. Վահե Հովհաննիսյան

2024 թվականին պլանավորված դեֆիցիտը 4,6 տոկոս էր, փաստացի իրականացվել է 3,7 տոկոսը: Ուրախ եմ, որ դա մենք չենք արել մեր աճը տուգանելու միջոցով: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«2025 թվականի դեֆիցիտը կազմում է 5,5 տոկոս, որովհետև մենք որոշում կայացրինք ապագայի ծախսերի որոշ մասն անենք 2025 թվականին և հետզհետե նվազեցնենք դեֆիցիտը»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է գնալ մի ճանապարհով, որը կապ ունի տոկոսադրույքների, պարտքի սպասարկման ծավալների աճի զսպման հետ:

«Միջնաժամկետ ծախսային ծրագրով մենք շատ հավակնոտ մի ծրագիր ենք ներկայացրել, որով պլանավորում ենք մինչև 2030 թվականը դեֆիցիտն իջեցնել մինչև 1 տոկոսի:

Ես շատ մեծ հույս ունեմ, որ կկարողանանք այս ուղղությամբ հաջողություններ ունենալ, որովհետև դա պայմանավորված է նրանով, թե որքանով մենք կկարողանանք գնահատել մեր ծախսերի արդյունավետությունը, և այն ծախսերը, որոնք արդյունավետ չեն, դրանք հետզհետե հանենք մեր ծախսերից»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այժմ գործում է մի ստորաբաժանում, որի հիմնական խնդիրը այդ ծախսերի արդյունավետությամբ զբաղվելն է և ավելի որակյալ վերլուծության արդյունքում չաշխատող ծրագրերը հայտնաբերելը:

  • Կիսվել: