Սերգեյ Բագրատյանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին
Այս պահին մեր հանձնաժողովում նման նախագիծ չի շրջանառվում, հնարավոր է՝ Կառավարությունից Ազգային ժողով դեռևս չի հասել: Գիտեք, որ քննարկումների փուլ է լինում: Այս մասին ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանն առ այն, որ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը սկսելու համար օրենքի նախագիծ է շրջանառվում:
Նրա խոսքով՝ նախագիծը, բնականաբար, պետք է քննի տնտեսական հարցերի հանձնաժողովը, գուցե Պետաիրավական հանձնաժողովի հետ համատեղ՝ կախված հարցի բովանդակությունից:
«Այս պահին մեր հանձնաժողովում նման նախագիծ չկա»,- հայտնեց պատգամավորը:
Ճշտող հարցին՝ ի՞նչ օրենսդրական լուծումներ են լինելու ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացում, պատգամավորը հիշեցրեց՝ երկու ամիս առաջ Ազգային ժողովում քննարկումներ են անցկացվել՝ նվիրված ՀԷՑ-ի գործունեությանը, որի ընթացքում բազմաթիվ թերություններ են մատնանշվել:
Նրա խոսքով՝ քաղաքացիները, որոնք տուժել են հովհարային անջատումներից, կարող են հայցերով մտնել դատարան, և օրինակ՝ այդ գումարի չափը լինի այնքան, որքան ՀԷՑ-ի գինը:
«Հետևաբար, այդ ժամանակ, որպես կանոն, շատ տնտեսվարողներ հրաժարվում են այլևս շարունակել, որովհետև, կարծես, այդ վճարումը շատ ավելին արժի, քան այն հիմնարկությունը, որն այս պահին իրենք տիրապետում են: Բազմաթիվ են նման դեպքերը աշխարհի տարբեր երկրներում»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք պատրա՞ստ է պետությունը գումարով գնել ՀԷՑ-ը, պատասխանեց՝ պետք է բանակցել սեփականատիրոջ հետ, որպեսզի հասկանան նախ՝ ինչ գին է որոշված:
«Հաճախ լինում է, որ իրական գինը շատ խաբուսիկ է: Գնելը տարբերակներից մեկն է»,- նշեց նա:
Իսկ թե ինչպես է տեղի ունենալու ազգայնացման այդ գործընթացը, պատգամավորն ասաց՝ կարող է ենթադրել, որ իր ասած ստուգումները կատարվել են, այսինքն՝ այն երկու ամսվա ընթացքում կամ նույնիսկ դրանից առաջ ստուգումներ են իրականացվել, որոնք վարչապետին հիմքեր են տվել այդ մասին խոսելու:
«Բաց աղբյուրներում դրված են ՀԷՑ-ի տվյալները, թե ինչ վարկեր են ներգրավված, ինչ ծախսեր են արված, ինչ հարկեր են վճարված: Աուդիտ է արվելու»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար:
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը՝ Սերգեյ Բագրատյանն ասաց՝ ենթադրում է՝ նա ունի այդ փաստերը:
«Ես ինքս չունեմ այդ փաստերը, բայց հնարավոր է՝ վարչապետը տիրապետում է այդ փաստերին»,- նշեց նա:
Ճշտող հարցին՝ այս պահին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման որևէ սցենար կա՞, թե՞ ոչ, Բագրատյանն ասաց՝ ինքն առնվազն այդ մասին տեղյակ չէ:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Ռուսաստանից, չակերտավոր ասած, «նոր փրկիչ» կամ օլիգարխ գա՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները, պատգամավորն ընդգծեց՝ ով էլ որ գա, չի կարող պայքարել ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ:
«Անիմաստ է այդ իշխանության դեմ պայքարելը, քանի որ ժողովրդի դեմ ես պայքարում: Մի քանի ամիս մնաց ընտրություններին: Թող շատ լավ պատրաստվեն, ժողովրդին ապացուցեն, որ այս իշխանությունը այսքան թերություններ ունի, թող ներկայացնեն իրենց ծրագրերը: Մենք մեր ընդդիմախոսներին ասում ենք՝ եկեք ծրագրերով մրցենք: Ներհայաստանյան խնդիրներ կան, որ հանրությունը, բոլորս միասին պետք է լուծենք»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը:
Հիշեցնենք՝ երեկ վարչապետը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Կառավարության անդամներին տվել էր հանձնարարական, որ ՀԷՑ-ի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի:
«ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել: Հիմա նաև վերլուծությունը հիմք է տալիս մտածելու (առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից), որ այդ ամեն ինչը արվել է և արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար:
Բայց ես տվել էի հանձնարարական, որ 1 ամսվա ընթացքում կա՛մ պետք է ժողովրդին հասցված վնասը վերականգնելու հստակ մեխանիզմներ ներդրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի»,- ասել էր Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ազգայնացմանը, ապա, ըստ Փաշինյանի, այս հարցով ամենաարագ և արդյունավետ գործելու տեղն Ազգային ժողովն է, և որ այժմ մասնագետներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում են ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ բերելու հարցը: