Եթե կոնյակի գործարանը չաշխատի, խաղողի մթերումների հետ կապված խնդիրներ կառաջանան. Տոնոյան
Ես «Մուլտի գրուպ» կոնցերնի անունից կոմպետենտ չեմ հարցերի պատասխանելու, բայց եթե ամսի 7-ից «Մուլտի գրուպ» կոնցերնի կազմում գործող գրեթե բոլոր ձեռնարկությունները հարկադիր պարապուրդի են մատնված, չեն աշխատում։ Այս մասին ՔԿ դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Բոլոր այդ ձեռնարկությունները՝ Երևանի կոնյակի, գինու, օղու կոմբինատը, «Մուլտի ուելնեսը. «Մուլտի գրանդ» հյուրանոցը, «Օլիմպավանը», Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներն ու ռեստորանները, գրեթե բոլոր օբյեկտները կապարակնքված են և աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնված։
Իսկ «Նոյ» կոնյակի գործարանում արդեն չորս օր է գույքագրում է իրականացվում, և դեռևս ճակատագիրը հայտնի չէ գործարանի, թե ինչ է լինելու գույքագրման ավարտից հետո»։
Անդրադառնալով «Արարատ ցեմենտին»՝ նա նշեց, որ կապրակնքման օրը բարձրաձայնել են անվտանգային խնդիրների մասին, որովհետև այո, այնտեղ պայթյունանվտանգ խնդիրներ կարող էին առաջանալ։ «Կարող եմ վստահաբար ասել, որ նաև Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի չվերագործարկման պայմաններում առաջանալու են լրջագույն խնդիրներ, խոսքը, մասնավորապես, վերաբերում է խաղողի մթերման գործընթացին։ Մենք գիտենք, որ հազարավոր խաղողագործներ կան, որոնցից յուրաքանչյուր տարի պայմանագրի համաձայն կոմբինատը խաղող է մթերում, խոսքը Արմավիրի և Արարատի մարզի մի քանի հազար խաղողագործների մասին է»։



