շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ռոբերտ Քոչարյանն ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է շարունակել 16 միլիոնի պետական աջակցության ծրագիրը

Ռոբերտ Քոչարյանն ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է շարունակել 16 միլիոնի պետական աջակցության ծրագիրը

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու և իշխանություն ձևավորելու դեպքում իր ուժը պատրաստվում է շարունակել սահմանամերձ և առանձին բնակավայրերում տուն կառուցելու համար 16 միլիոնի չափով պետական աջակցության ծրագիրը։

Այս մասին Ռոբերտ Քոչարյանը ասել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բնակիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ 

Պատասխանելով հարցին, թե «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու և իշխանություն ունենալու դեպքում շարունակելո՞ւ է արդյոք սահմանամերձ և առանձին բնակավայրերում տուն կառուցելու համար 16 միլիոնի չափով պետական աջակցության ծրագիրը՝ Քոչարյանը դրական արձագանք է տվել։

«Այդ ծրագիրն անպայման շարունակվելու է։ Այն, ինչ շինարարության առումով կատարվում է Երևանում, լավ տեղ չի տանելու, քանի որ այդ մասնավոր հատվածը կենտրոնացել է Երևանում, և այդ տեմպերով շինարարությունը, կարծես, դատարկում է շրջանները։ Պետության գործառույթը պետք է լինի տարածքների համաչափ զարգացումը»,-նշել է Քոչարյանը։

Նա նաև հավելել է, որ պետական աջակցության շրջանակներում տրամադրվող այդ 16 միլիոնի ծրագիրը նույնիսկ համաչափ չի այն ամենի հետ, ինչ կատարվում է Երևանում։

Նա նաև ընդգծել է, որ իր ղեկավարման դեպքում վերականգնվելու է գյուղատնտեսության նախարարությունը՝ բնակիչներին վստահեցնելով նաև, որ այդ ոլորտը լինելու է իր իշխանության առաջնահերթություններից մեկը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մայիսի 23-ին տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ սահմանամերձ և առանձին բնակավայրերում տուն կառուցելու համար պետական աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվել է 2973 ընտանիք։

 

  • Կիսվել: