երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ՌԴ ՆԳՆ-ն պատրաստ է կեցության հատուկ ռեժիմ սահմանել ԵԱՏՄ անդամ երկրների բեռնատարների վարորդների համար. Սիմոնյան

ՌԴ ՆԳՆ-ն պատրաստ է կեցության հատուկ ռեժիմ սահմանել ԵԱՏՄ անդամ երկրների բեռնատարների վարորդների համար. Սիմոնյան

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը պատրաստ է կեցության հատուկ ռեժիմ սահմանել ԵԱՏՄ անդամ երկրների բեռնատարների վարորդների համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Իր հերթին հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հիշեցրել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները։ Ըստ նոր կանոնների՝ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատանքի նպատակով, կարող են երկրում գտնվել օրացուցային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 90 օր։

Պատգամավորի խոսքով՝ նոր սահմանափակումները դժգոհություն են առաջացրել բեռնատարների վարորդների շրջանում, քանի որ նրանց կեցության ժամկետը սկսել է սպառվել դեռևս տարին չավարտված՝ թե՛ ճանապարհին ծախսված ժամանակի, թե՛ սահմանային հերթերի պատճառով։ Այս առնչությամբ նա փոխնախարարին հարցրել է, թե արդյոք բանակցություններ վարվու՞մ են նշված ռեժիմը մեղմացնելու վերաբերյալ։

Ի պատասխան՝ Սիմոնյանը նշել է, որ նույնաբովանդակ հարցեր բարձրացրել են նաև Ղազախստանն ու Ղրղզստանը։ Ընդ որում, սահմանափակումները չեն տարածվում Բելառուսի վրա, քանի որ այն այսպես կոչված Միութենական պետության անդամ է։

Փոխնախարարը նաև նշել է, որ բանակցությունների մի քանի փուլից հետո ռուսաստանյան կողմը հասկացրել է, որ պատրաստ է դիտարկել ԵԱՏՄ երկրների վարորդների համար հատուկ ռեժիմ սահմանելու հնարավորությունը։

  • Կիսվել: