Քննարկվում է որոշակի բեռնատարողությունից բարձր մեքենաների վրա GPS-ի և կշեռքի առկայությունը պարտադիր պայման դարձնելու հարցը
Ընդերքօգտագործման մասին օրենքում որոշակի փոփոխություններ ենք անում, որոնք հնարավորություն կտան ավելի լավ վարչարարություն իրականացնել: Չենք բացառում, որ առաջիկայում օրենսդրական փոփոխությամբ հանդես կգանք, համաձայն որի՝ պարտադիր պայման կլինի որոշակի բեռնատարողությունից բարձր մեքենաների վրա GPS-ների և կշեռքի առկայությունը: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Չեմ բացառում, որ սա կդարձնենք մեքենաների տեխհսկման պարտադիր պայման: Օրինակ՝ 5 տոննայից կամ, ենթադրենք, 8 տոննայից ավելի տարողությամբ բոլոր մեքենաները, որոնք ՀՀ-ում շահագործվում են, որպես տեխհսկողության պարտադիր պայման՝ իրենց վրա պետք է կրեն այս սարքերը՝ GPS-ները և կշեռքները»:
Նախարարը տեղեկացրեց, որ աշխատանքներ են իրականացվում նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից:
«Նաև որպես այդ մարզի բնակիչ՝ պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ բազմաթիվ ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են հայտնաբերվել վերջին ընթացքում, բազմաթիվ վերականգնումներ են եղել պետական բյուջե, և փաստացի օգտագործվող բազմաթիվ հանքեր, որոնք ապօրինի են օգտագործվել, այս պահին չեն շահագործվում»,- ասաց նախարարը: