Քննարկվել են Տարածքային կառավարման և ջրային ոլորտների ծախսային ծրագրերն ու կատարողականները
Տարածքային կառավարման ոլորտի գծով 8 ծախսային ծրագիր է իրականացվել՝ 54 միջոցառմամբ: Պետական բյուջեից փաստացի ծախսվել է 136.4 մլրդ դրամ կամ նախատեսվածի 95.2 տոկոսը: Հատկացման 93.8 տոկոսը տարածքային զարգացմանը վերաբերող ծրագրին է ուղղվել, որի շրջանակում 12 միջոցառում է իրականացվել: Նախատեսված է 129.1 մլրդ դրամի դիմաց փաստացի ծախսվել է 127.9 մլրդ դրամ՝ նախատեսվածի 99.1 տոկոսը:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախորդ տարվա բյուջեի կատարողականը ներկայացնելիս այս մասին հայտնել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Համահարթեցման սկզբունքով համայնքներին տրվող դոտացիաները ներկայացնելով՝ նախարարը տեղեկացրել է, որ 2024 թվականին ընդհանուր առմամբ 71 համայնքի տրամադրվել է 85.3 մլրդ դրամ: 2024 թվականին առաջին անգամ բարելավել են ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում կիրառվող մեխանիզմները:
Առաջին անգամ 82 սահմանամերձ բնակավայրի անվտանգային ծախսեր կատարելու համար լրացուցիչ հատկացվել է 5-ական միլիոն դրամ, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված 8 համայնքներից յուրաքանչյուրին տրվել է 50 մլն-ի դոտացիա: Նշվել է, որ 2026 թվականի դոտացիայի չափը կկազմի 107.8 մլրդ դրամ, որը 2023 թվականի համեմատ կաճի շուրջ 54 տոկոսով:
Առաջին անգամ մասնակցային բյուջետավորման ծրագիր է իրականացվել, որի արդյունքում 4 համայնքների՝ Արմավիրին, Աշտարակին, Աբովյանին, Ջերմուկին տրվել է 443 մլն դրամ: 2025 թվականին արդեն 21 համայնքի հատկացվելու է 1 մլրդ դրամ: Մեկ այլ ծրագրի շրջանակում էլ Կապան, Քաջարան, Մեղրի, Վարդենիս, Ալավերդի, Ծաղկաձոր համայնքներին 1.1 մլրդ դրամ ֆինանսավորում է հատկացվել:
«Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» միջոցառման համար 1 մլրդ դրամ է տրամադրվել:
Անդրադարձ է եղել Լոռու եւ Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին ֆինանսական աջակցությանը: Ջրհեղեղների հետեւանքով շուրջ 270 բնակելի տների վերանորոգման, նաեւ 200 վնասված տրանսպորտային միջոցների համար հատկացվել է 1.3 մլրդ դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է:
Քաղաքային զարգացման ծրագրի շրջանակում իրականացվել է 16 միջոցառում, որոնց համար փաստացի ծախսը կազմել է 9.4 մլրդ դրամ:
Կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում ավարտվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի եւ ենթակառուցվածքների, նաեւ Մարտունի եւ Ակունք բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան աղբի փոխաբեռնման կայանների աշխատանքները: 2024 թվականին այս ուղղությամբ 2.7 մլրդ դրամ է ծախսվել: Ծրագիրը պատրաստ է գործարկման: Նշյալ ծրագրի իրականացման արդյունքում ձեռք է բերվել 28 աղբատար մեքենա, ավելի քան 7000 աղբաման:
Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի շրջանակում իրականացվել է 5 միջոցառում, որոնց համար նախատեսված է եղել 5.2 մլրդ դրամ: Փաստացի ծախսը կազմել է 5.1 մլրդ դրամ, կատարողականը՝ 98.6 տոկոս:
Ջրային ոլորտին հաշվետու տարում հատկացվել է 32.2 մլրդ դրամ, որից 17.2 մլրդ դրամը եղել են կապիտալ ծախսերը: Փաստացի ծախսը կազմել է 29.7 մլրդ դրամ, կատարողականը? 92.4 տոկոս: 15.3 մլրդ դրամն ուղղվել է կապիտալ բնույթի ծախսերին: Իրականացվել են 6 ծրագրերում ընդգրկված 32 միջոցառումներ: