Քննարկվել են Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների 2024 թ. գործունեությունների մասին հաղորդումները
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 22-ի նիստում քննարկվել են Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների 2024 թվականի գործունեությունների մասին հաղորդումները:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ներկայացմամբ 2024 թվականի ընթացքում կոմիտեն էական աշխատանք է կատարել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով արդյունավետ նախաքննություն իրականացնելու իրավակարգի ու օրինականության ամրապնդման ուղղությամբ:
Հաշվետու տարում կոմիտեում քննվել է 2289 քրեական վարույթ, որոնցից ավարտվել են 849-ը: Ավարտված վարույթներից 167-ը՝ 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 682-ը կարճվել: 2023 թվականի համեմատությամբ 2024 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 25,5 տոկոսով, ավարտված վարույթների թիվը՝ 58,4 տոկոսով:
Կարևորելով կոմիտեի թափանցիկ գործունեությունն ու հաշվետվողականությունը՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ հաշվետու տարում եւս շարունակվել են լուսաբանման աշխատանքները կառույցի ընթացիկ գործունեության և օրենքով վերապահված հիմնական գործառույթների իրազեկման ուղղությամբ:
«2024 թվականի կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 69.415 հաղորդում, որից 58.085-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախորդ տարվա համեմատ քննված քրեական վարույթների թիվն աճել է 12,5 տոկոսով»,- ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ ներկայացնելով մանրամասներ
Ըստ հիմնական զեկուցողի՝ 2024 թվականի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ, որից 167-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 311 վարույթ ընդունվել է 2024 թվականին: 478 քրեական վարույթից 60-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ: 145 ակտիվ վարույթ փոխանցվել է 2025 թվական:
2024 թվականին կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 2.309 քրեական վարույթ, որից 761-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 1.548 վարույթ ընդունվել է 2024 թվականից:
Արթուր Նահապետյանն ու Արթուր Պողոսյանը պատասխանել են պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով մանրամասներ որոշ վարույթների, կառույցներում հաստիքների համալրմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև իրավապահ մարմիններից տեղեկատվության արտահոսքին, անձնական տվյալների պաշտպանությանը:
Հաղորդումներն ընդունվել են ի գիտություն: