ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համաձայնագիրը

Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10,1 մլն եվրո ծավալով: Ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն եվրո է, որը ֆինանսավորվելու է հետևյալ աղբյուրներից՝ ԵՆԲ-ի կողմից տրամադրված վարկային միջոցներ՝ 25 մլն եվրո, դրամաշնորհային համաձայնագիր՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, այլ ծախսեր՝ 250 հազար եվրո, Երևանի քաղաքապետարանի սեփական միջոցներ՝ 2 մլն եվրո: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում համաձայնագրի վավերացման հարցը ներկայացնելիս:

Ծրագրի իրականացման նպատակը Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես՝ մանկապարտեզներում և պոլիկլինիկաներում էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումն է, որի արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65 տոկոսով, նվազագույնը 20 տարով ավելացնել շենքերի շահագործման ժամկետը, նվազեցնել CO2-ի արտանետումները մթնոլորտ:

Ըստ փոխնախարարի՝ հանրային շենքերի հիմնանորոգումը, սեյսմիկ ամրացումն ու վերակառուցումը պետական և համայնքային մակարդակում առաջնահերթություն են, որով պայմանավորված էլ համաձայնագրի վավերացումը «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի կյանքի կոչման կարևոր բաղադրիչ է: Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի նախատեսում:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

  • Կիսվել: