երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Քանի որ կոնյակագործները վնասներ են կրում, նրանց որոշակի աջակցություն է տրամադրվելու. Բաբկեն Թունյան

Քանի որ կոնյակագործները վնասներ են կրում, նրանց որոշակի աջակցություն է տրամադրվելու. Բաբկեն Թունյան

Գործադիրի մեր գործընկերները զբաղվում են կոնյակ արտադրողների հարցով; Էկոնոմիկայի նախարարությունն արդեն աջակցության մի քանի քայլեր է ձեռնարկել: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

«Չգիտեմ՝ դրանք սկսե՞լ են գործել, թե՞ չէ, բայց հաշվի առնելով այն, որ այս մարդիկ վնասներ են կրում, որոշակի աջակցություն նրանց տրամադրվելու է:

Ես ինքս խնդիրը քննարկել եմ Վրաստանում՝ նրանց խորհրդարանում: Խնդիրը բազմաշերտ է: Այնպես չէ, որ հստակ կարելի է ասել, թե ում հետ է կապված կամ ինչ խնդրի հետ է կապված: Բայց հաստատ այնպես չէ, որ առանձին տնտեսվարողների հետ է կապված, համակարգային խնդիր է: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ հարցերը կբարձրաձայնվեն:

Անկախ այդ ամեն ինչից, եթե շատ անկեղծ լինենք, տեղի արտադրողները նման խնդիրներից իրենց առավել քան ապահովագրելու համար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրենց ապրանքների որակին, որովհետև, ցավոք սրտի, երբեմն դա դառնում է լծակ: Այստեղ գնացող ապրանքների մեջ որոշակի թերությունները մի քանի տարի կարող է չբարձրաձայնվեն, բայց ինչ-որ հարմար պահի, երբ պետք է, կարող է համակարգված արգելքի տեսքով [արտահայտվեն]»,- ասաց նա:

Բաբկեն Թունյանը նշեց, որ տարանցիկ բեռի մասով ևս ճշտումներ է արել. վրացական կողմն ունի օրենսդրական հնարավորություն՝ փորձաքննության ենթարկելու ինչ-որ ընթացակարգեր հաստատելու համար:

«Չգիտեմ՝ օրենքով ինչքան ժամանակ է տևում, բայց անգամ մի օրը տնտեսվարողի համար բեռ է, ու այդ խնդիրները նրանց համար լուրջ դժվարություններ են ստեղծում, բայց հույս ունենք, որ առաջիկայում նման խնդիրները կա՛մ կլուծվեն, կա՛մ չեն կրկնվի»,- ասաց նա:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ հարցը ՀՀ էկոնոմիկայի նախարարության տիրույթում է, և որ խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, ու լուծումներ էլ կան արդեն: Բայց նաև նշեց, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ևս պատրաստ է ցանկացած աջակցության, ինչպես նաև Ազգային ժողովի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ քննարկում հրավիրելու:

  • Կիսվել: