Քաղաքապետարանից Ամիրյան փողոց հասել ենք 40 րոպեում, որովհետև ավտոբուսների «ֆանտաստիկ» գծեր եք ստեղծել. ավագանու անդամ
Արդեն առաջին անգամը չի, որ մենք ունենում ենք ծրագրեր, որոնք հրատապ կերպով, ինչ-որ ֆանտաստիկ մեթոդներով բերում եք, միանգամից անցկացնում եք։ Այս մասին այսօր՝ հունիսի 24–ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Հանձնաժողովի նիստին, երբ այս ծրագիրը բերվեց, նույնիսկ իշխանական կողմի ներկայացուցիչները ընդունում էին, որ նման մեծ, ծավալուն բաները, որոնք կարևոր են, պետք չի վերջին օրով, հրատապով բերել, և ուսումնասիրելու, քննարկելու, աշխատելու, ժամանակ չտալ։
Այդ ջիղը լավ է, որ ձգտում եք դեպի Եվրոպա, դեպի արևմտյան արժեքներ, դեպի փորձի փոխանակում, բայց արևմտյան արժեքների մեջ այսպես աշխատելաոճ չի տեղավորվում։ Ժամը 11-ն է, մի հարց է մնացել օրակարգում քննարկելու։
Ամբիոնից սիրուն խոսքեր եք ասում, որ դեպի լավն ենք ձգտում, բայց երեկ հանձնաժողովի նիստից հետո ես ու պարոն Սուքիասյանը այստեղից Ամիրյան փողոց հասել ենք 40 րոպեում, որովհետև ավտոբուսների ֆանտաստիկ գծեր եք ստեղծել, որ կես ժամվա մեջ մի հատ ավտոբուս չտեսանք՝ այդտեղով անցնի։
Չի կարելի անընդհատ խոսել Եվրոպայից, հանդիպել Եվրոպական քաղաքապետների հետ, ասել, որ դուք ձգտում եք դեպի արևմտյան արժեքներ ու ակնհայտ տեռորի ենթարկեք հենց այդ «թրանսփարենսի» կոչվածը։ Որևէ թափանցիկություն այս օրակարգում չկա, կա երկու հարց, մեկը, որը որևէ կերպով ուսումնասիրված չէ, բայց ուղղակի ձերն է, դրա համար անցնելու է, երկրորդ հարցն էլ էլի, ուղղակի այս «կրթվելը նորաձև է»–ի հետ զուգահեռ մի հատ էլ քաղաքական քարոզարշավի մեթոդ եք բերել։
Այս ավագանու այս գործունեության ոճը, որով էկերպ հանրությանը օգուտ չի տալիս, որևէ կերպ հանրությանը տեղեկացված չի պահում իր կայունության մասին, շոու է, սիրուն խոսքեր ու ավերված քաղաք»,– ընդգծեց նա։