Պլանավորում ենք կշռման կայաններ կառուցել միջպետական ճանապարհներին՝ կանխարգելելու գերբեռնված տրանսպորտային միջոցների շարժը. Ղալեչյան
Գերբեռնված բեռնատարների դեպքերը կանխարգելելու և վարչական իրավախախտումների մասով պատասխանատվության ենթարկելու հետ կապված խնդիրը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում: Պլանավորում ենք տեսչական մարմինների հետ կշռման կայաններ կառուցել միջպետական ճանապարհներին, որպեսզի կանխարգելենք գերբեռնված տրանսպորտային միջոցների շարժը ճանապարհներով, որովհետև դրանք են հիմնականում ճանապարհների վնասման պատճառը: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
Նախարարի տեղակալը նաև հիշեցրեց՝ տրանսպորտային միջոցների թույլատրելի բեռնվածության պահանջներն օրենքով են սահմանված:
«Միայն 2022 թվականին կշռել ենք 19.458 ծանրաքարշ տրանսպորտային միջոց, կազմվել է 1702 վարչական իրավախախտումների արձանագրություն, 2023 թվականին՝ 57.871, կազմվել է 3687 վարչական ակտ, 2024 թվականին՝ 44.861, կազմվել է 4048 վարչական ակտ, 2025-ի մարտի 1-ի դրությամբ կշռման է ենթարկվել 5290 ծանրաքարշ տրանսպորտային միջոց, կազմվել է 408 վարչական իրավախախտման արձանագրություն»,- տեղեկացրեց նախարարի տեղակալը: