կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Պետությունը սոցիալական ծախսերի փոխհատուցման չափը մեծացնելու է. Ավանեսյանը համաձայնեց, որ այն քիչ է

Պետությունը սոցիալական ծախսերի փոխհատուցման չափը մեծացնելու է. Ավանեսյանը համաձայնեց, որ այն քիչ է

Ցանկացած անձ, ով աշխատում է, վճարում է եկամտահարկ, լրացնում է հայտարարագիր, կարող է ստանալ ապահովագրական ընկերությունից ձեռք բերված փաթեթի արժեքից 50,000 դրամի չափով ծախսի վերադարձ: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այսինքն կարևոր է, որ անձը լինի աշխատող, անձն լինի եկամտահարկ վճարող և հայտարարագիր լրացնի, սա պահանջն է: Մյուս պահանջը վերաբերվում է, թե ինչպես ստանալ այդ ծառայությունները, որպեսզի պետությունը տեսնի այդ վճարման փաստը և կարողանա վերադարձնել այդ ծախսը։ Անձը ծառայության դիմաց պետք է վճարումը իրականացնի անկանխիկ, եկամտահարկ վճարողը լինի ծախսը կատարողը»,-ասաց նա:

Նախարարը հստակեցրեց, որ ամեն անձ կարող է հետ ստանալ սոցիալական ծախսերի դիմաց հանրագումարային 100,000 դրամ, առողջապահական ծախսերի համար առավելագույն առավելագույն չափը 50,000 դրամ է, կրթականի մասով՝ առավելագույնը 100,000 դրամ։

Դիտարկմանը, որ տարեկան 100 հազար դրամը քիչ է, քանի որ եթե մի հատված կրթությանը գնա, շատ չնչին գումար է մնում առողջապահական ծախսերի համար, նախարարն ասաց. «Դուք շատ ճիշտ հարց եք բարձրացնում, որ այո, հետագայում պետությունը անընդհատ այս սոցիալական կրեդիտների համակարգը դարձնելու է ավելի թիրախային, ավելի մեծացնելու է դրանք չափը ըստ մեր տնտեսության զարգացման: Բայց ինչպե՞ս դա անի, սա է հարցը: Ինչո՞ւ ենք մենք լրացնում հայտարարագիր, որ պետությունը տեսնի, ո՞վ է այն քաղաքացին, ով առավելագույն կարիքը ունի այս սոցիալական կրեդիտների: Դրա համար պետք է մենք սկսենք համատարած հայտարարագրման գործընթացը:

 

Քայլ-քայլ, հիմնվելով հայտարարագրման համակարգի վրա, պետությունը շարունակաբար ընդլայնելու է սոցիալական կրեդիտների շրջանակը»:

  • Կիսվել: