Պետք է ունենանք վիճակագրություն, թե ինչ գումարներ են գալիս երկիր, ուր են դրանք ուղղվում. Խաչատուր Սուքիասյան
Ազգային ժողովում եկամուտների հայտարարագրման մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում պատգամավորները խոսել են դրամական փոխանցումների կարգավորման, հարկման ռիսկերի և քաղաքացիների սոցիալական տվյալների հաշվառման մասին։ Քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվել է՝ ինչպես է համակարգը վերաբերվելու այն գումարներին, որոնք քաղաքացիները ստանում են արտերկրից, օրինակ՝ ծնողներից կամ երեխաներից ուղարկված օգնությունները։
Նա ընդգծել է, որ նման փոխանցումները պետք է համակարգում ակնհայտ երևան, սակայն հարկման կամ ավելորդ վերահսկման առարկա չդառնան։
Պատասխանելով հարցին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Բաբկեն Թունյանը նշել է, որ եկամուտների հայտարարագրման համակարգի նպատակն առաջին հերթին ֆիսկալը չէ, այլ՝ քաղաքացիների սոցիալական վիճակի և դրամական հոսքերի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելը։
«Հարկման մասին խոսք չկա։ Եթե կատարվել է նվիրատվություն կամ ուղղակի մարդը բարեկամին գումար է ուղարկել, հարկի թեման փակ է։ Նախնական տարբերակում նախատեսվում էր հայտարարագրել մինչև 300 հազար դրամ փոխանցումները, սակայն նոր փոփոխությամբ բարեկամների միջև փոխանցումները, անկախ գումարի չափից, հայտարարագրման ենթակա չեն», - ընդգծել է Թունյանը։
Նա հավելել է, որ բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ բարեկամների միջև իրականում գործարքային հարաբերություն է՝ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման ձևաչափով։ «Եթե, օրինակ, ամուսիններն իրար հետ ունեն բիզնես հարաբերություններ, և գումարը փոխանցվում է դրա շրջանակում, ապա այն ենթակա կլինի հայտարարագրման»,- ասել է նախարարը։
Խաչատուր Սուքիասյանը նշել է, որ համակարգը պետք է օգնի պետությանը հասկանել երկրի ֆինանսական հոսքերի իրական պատկերը, այդ թվում՝ զբոսաշրջային և առձեռն շրջանառությունների ծավալները։ «Պետք է ունենանք վիճակագրություն մեր երկրում ինչ է կատարվում, թե ինչ գումարներ են գալիս երկիր, ուր են դրանք ուղղվում։ Մյուսը ստվերի դեմ պայքարն է, որ հանկարծ առձեռն չլինի: Դա մեզ կօգնի նաև ստվերի դեմ պայքարում և նոր աշխատատեղերի ձևավորման գործում», - ասել է պատգամավորը։
Ի պատասխան՝ Թունյանը հավելել է, որ օրենքի նպատակներից մեկն անձնավորված հաշվառման համակարգի ձևավորումն է, որպեսզի պետությունն ունենա ամբողջական և անվտանգ տեղեկատվական բազա քաղաքացիների մասին։ «Սա արվում է ոչ թե հարկային բեռ ավելացնելու, այլ ճիշտ սոցիալական քաղաքականություն մշակելու համար։ Երբեմն աջակցություն են ստանում նրանք, ովքեր դրա կարիքը չունեն, և չեն ստանում նրանք, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը։ Նոր համակարգը կօգնի այս սխալը շտկել»,- նշել է նախարարը։


