կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Պետք է բարձրացնել «Թումո» կենտրոնի հեղինակությունը աշխարհով մեկ. ԵՄ դեսպան

Պետք է բարձրացնել «Թումո» կենտրոնի հեղինակությունը աշխարհով մեկ. ԵՄ դեսպան

Հյուսիս-հարավ ճանապարհը ստանում է ԵՄ աջակցությունը, հատկապես երբ խոսքը Լանջիկ-Գյումրի հատվածի մասին է: Նախագծի ընթացիկ վերանայումը՝ Գյումրիի շրջանցող ճանապարհի, նույնպես ԵՄ-ի կողմից է ֆինանսավորվում: Սրանք շատ կոնկրետ ծրագրեր են, որոնք շահավետ են ոչ միայն բիզնեսների համար, այլև ճանապարհային անվտանգության: Այդ մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ներկայացնելով ՀՀ-ԵՄ համագործակցության արդյունքները «Դիմակայունություն և աճ» ծրագրի մասով, որի շրջանակում վարկերի և դրամաշնորհների միջոցով ավելի քան 600 մլն եվրոյի ներդրումներ են արվել:

«Գլոբալ դարպասի շրջանակներում Քաջարան ճանապարհը նույնպես կբարելավվի, որպեսզի բարելավվի ճանապահային անվտանգությունը, և մոտեցնի Սյունիքը Երևանին ու երկրի մյուս հատվածներին»,- ասաց նա:

Անդրադառնալով հարևաններից կախվածության թեմային՝ Մարագոսը նկատեց՝ Հայաստանն ունի երկարաժամկետ էներգետիկ անվտանգության կարիք:

«Այս առումով ԵՄ-ն աջակցում է Հայաստանի այնպիսի նախաձեռնություններին, ինչպես, օրինակ, «Սևծովյան մալուխ»-ն է: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը» նույնպես մեր ուշադրության կենտրոնում է, որպեսզի Հայաստանը կարողանա վերականգնվող էլեկտրաէներգիա ունենալ»,- ասաց նա:

Անդրադառնալով արտահանումների թեմային՝ Մարագոսը նշեց, որ 2024-ին աշխատանքներ են սկսվել հայկական կոնյակի՝ Եմ արտահանման ուղղությամբ:

«ԵՄ աջակցությամբ արտահանումների ենթակառուցվածքը նաև ուժեղացվում է նոր մաքսային տերմինալով, որը սկսվել է 2025-ին»,- ասաց ԵՄ դեսպանը:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ Մարագոսն առանձնացրեց «Թումո» կենտրոնի միջազգայնացման կարևորությունը:

«Պետք է բարձրացնել «Թումո» կենտրոնի հեղինակությունը աշխարհով մեկ: Եկող կիրակի մենք Սյունիքում՝ Կապանում, նոր «Թումո» կենտրոն կբացենք, որը կառուցվել է ԵՄ էական աջակցությամբ»,- ասաց նա:

  • Կիսվել: