շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՊԵԿ նախագահը և Վրաստանի ֆիննախարարության պաշտոնյան քննարկել են ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կիրառվող միջազգային մեխանիզմները

ՊԵԿ նախագահը և Վրաստանի ֆիննախարարության պաշտոնյան քննարկել են ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կիրառվող միջազգային մեխանիզմները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի հետ։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Էդուարդ Հակոբյանը և Սոսո Ռամիշվիլին բարձր են գնահատել երկու երկրների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և ապրանքների անօրինական շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված համատեղ ջանքերը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է տեղեկատվության արագ փոխանակման նպատակով կողմերի միջև օպերատիվ հաղորդակցության ուղիների ստեղծումը, կրիպտոակտիվների վերահսկման, կիբեր հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում առկա մարտահրավերների վերհանման նպատակով կանոնավոր հանդիպումների կազմակերպումը։ Անդրադարձ է կատարվել ֆինանսական ու առևտրային անօրինական գործարքների, Հայաստանի և Վրաստանի տարածքներով բեռների անօրինական տեղափոխման կանխման նպատակով գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։

Կողմերը փոխանակել են նաև տեղեկատվություն՝ ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կիրառվող միջազգային մեխանիզմների վերաբերյալ։

  • Կիսվել: