երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Պապոյանը հույս ունի, որ արդեն հոկտեմբերին Ամուլսարից արդյունահանում կլինի

Պապոյանը հույս ունի, որ արդեն հոկտեմբերին Ամուլսարից արդյունահանում կլինի

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հույս ունի, որ արդեն հոկտեմբերին Ամուլսարից արդյունահանում կլինի։ Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով` հայաստանյան բանկերի և Ամուլսարի բանակցությունները ներկա պահին շատ ակտիվ փուլում են։
 
«Մասնավոր հատվածի հետ բանակցությունների մի մաս կա դեռ, սակայն ամեն ինչ գնում է նրան, որ տեղի է ունենալու բանկերի կողմից Ամուլսարի վարկավորումը։ Իմ տպավորությամբ` խանգարող հանգամանքները հերթականությամբ լուծվում են։ Արդյունքում սկզբում կունենանք շինարարության փուլ, հետո արդյունահանման փուլ։ Պլանավորում ենք արդեն հոկտեմբերից արդյունահանում անել։ Այս տարվա ՀՀ տնտեսական ցուցանիշների մեջ մենք արդեն այս հանգամանքը կանխատեսել ենք, որ վերջին եռամսյակն ավելի լավն է լինելու»,– նշեց նախարարը։
Նա նորմալ է համարում, որ բանկերի կողմից Ամուլսարին տրամադրվելիք 150 մլն դոլար վարկավորման գործընթացը բավականին դանդաղ է ընթանում. ըստ նրա` մի բնակարանի 20 մլն դոլարի վարկավորումն ավելի քան մեկ ամիս է պահանջում, էլ ուր մնաց 150 մլն դոլարի դեպքում։

  • Կիսվել: