Օգտագործած ապրանք ենք վաճառում, դրա համար ի՞նչ փաստաթուղթ, ուզում են մեզ դարձնեն «շտրաֆի մատերիալ». ակցիայի մասնակից
Պահանջում ենք, որ շրջանառության հարկի 10 տոկոսը վերանայեն, դա շատ-շատ է, հետո այդ թղթաբանությունը՝ մանավանդ օգտագործած ապրանքներինը չես կարող թուղթ տալ, չկա նման բան: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում կառավարության դիմաց ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Նշենք, որ տնտեսվարողներն ակցիա են իրականացնում կառավարության առջև՝ դժգոհում են հարկերի բարձրացումից:
«Ոնց որ շտրաֆի մատերիալ դարձնեն, հարկայինը գա ու տուգանի, ոնց կլինի՞»,- ասաց նա:
Տնտեսվարողի խոսքով՝ 90 տոկոսը դժգոհ է: «Ովքեր ապրանք ներկրող են, փաստաթղթով աշխատում են, բայց մեծ մասն օգտագործած ապրանք է վաճառում Գնունու շուկայում առանց փաստաթղթի, մարդը եթե 3-4 հազարի առևտուր է անում, դա իր համար լավ է, հիմա դա չի թողնում Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ նրանց շարքերում մարդիկ կան, որ ասում են իշխանությունը մեղք չունի, ակցիայի մասնակիցն ասաց. «Հենց իշխանությունն է մեղավոր, հենց Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, բա ո՞վ է հրամանները տալիս»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։