Ո՞րն է Վերին Լարսում հերթերի պատճառը. «Սպայկայի» ներկայացուցչի մեկնաբանությունը
«Վերին Լարս» անցակետում հայաստանյան բեռնատարների վերջին կուտակումների հիմնական պատճառը մաքսային ռենտգեն սարքավորման խափանումն է. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության կարգավարական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը` մեկնաբանելով արտահանումների շղթայում առաջացած խնդիրները։
«Մինչև հիմա էլ կուտակումներ կան, Լարսի անցակետը չի հասցնում սպասարկել բոլոր մեքենաները։ Բոլոր բեռնատարները կանգնած են` անկախ բեռի տեսակից։ Հերթ է, երևի քիչ–քիչ կվերանա»,– նշեց արտահանող ընկերության ներկայացուցիչը։ Նրա տեղեկություններով` այս պահին էլ ռենտգեն սարքավորումներից մեկը չի աշխատում։
Նշենք` Պետեկամուտների կոմիտեի նախագահը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ, հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները, Հայաստանի մաքսային ծառայությունը արտահանողներին հորդորում է ժամանակավորապես հետաձգել փոխադրումները մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ Մինչդեռ Հայաստանում արդեն սկսկվել է գյուղարտադրանքի, մասնավորապես` ծիրանի մթերման սեզոնը, և արտահանողները շտապում են այն Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների շուկաներ։
«Սպայկայի» կարգավարական բաժնի ղեկավարը ՊԵԿ–ի առաջարկը չի ընդունում` ասելով, որ, եթե բեռնատարն արդեն բարձված է, հատկապես` շուտ փչացող ապրանքով, այն պետք է ճանապարհ ընկնի, նույնիսկ եթե ստիպված լինի անցակետի հերթում սպասել։
Կարեն Աղդայանից նաև հետաքրքրվեցինք` ծիրանի ի՞նչ բերք ունենք այս տարի, հատկապես` վերջին ամիսների անբարենպաստ եղանակի պայմաններում։ Մեր զրուցակիցը չհերքեց, որ ուժեղ քամիներն ու կարկուտը մի շարք մարզերում մեծ վնաս են հասցրել բերքին։ Բայց, նրա գնահատմամբ, արտահանման ենթակա միջին որակի ծիրան բավարար քանակությամբ կա։
Ծիրանից բացի արտահանվում է նաև ջերմոցային պայմաններում աճեցված բանջարեղենը, առաջիկայում դրանց կգումարվեն արդեն բնական պայմաններում աճեցված լոլիկը, պղպեղը, վարունգն ու սմբուկը։