երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանն օգուտ բերել. Քրիստինե Պողոսյան

Նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանն օգուտ բերել. Քրիստինե Պողոսյան

2018 թվականին ես այն քիչ մարդկանցից էի, որ իմ թիմի հետ փոփոխություն արեցինք Հայաստանում, ինչն անհնարին էր թվում: Այդ ժամանակ, կարծում եմ, օրինաչափ էր, որ ես թիմի հետ էստեղ էի: 2021-ին ես իմ թիմի հետ տեսել եմ՝ ինչ է նշանակում, որ դու կանգնած ես պետության ու պետականության կորստի առաջ: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այս մասին ասաց  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

Նրա նշել է՝ հպարտ է, որ անցան այդ ճգնաժամի միջով:

«Այդ ժամանակ թիմը լքելը կլիներ դավաճանություն: Պետք էր ձիգ կանգնել, որովհետև հարցը ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» ու իշխանության մեջ էր, այլ պետության ու պետականության կորստի: Դրանից հետո, հատկապես այս տարի շատ լավ արդյունքների ենք հասել՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրում է եղել»,- նշեց Պողոսյանը՝ ընդգծելով՝ հպարտանում է այն մարդկանցով, որոնք այդ ճանապարհը կարողացել են անցնել:

«Մենք հիմա հասել ենք այն վիճակին, որ մարդիկ պետք է աշխատեն, երջանիկ լինեն ու խաղաղ ապրեն: Կարծում եմ՝ Հայաստանի համար սկսել են լավ ժամանակներ, պետությունը պետք է ծաղկի: Չկա ավելի լավ բան, քան խաղաղ պետության մեջ ապրելն ու արարելը»,- ընդգծեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ եկել է ժամանակը, որ գնա այլ աշխատանքով զբաղվի:

«Ես 16 տարեկանից աշխատել եմ մինչև այսօր՝ բացառությամբ 1-2 տարի, երբ երեխա եմ ունեցել, չեմ աշխատել: Ամեն օր աշխատել եմ, հիմա ուզում եմ ստեղծագործեմ, նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանն օգուտ բերել»,- հայտնեց Քրիստինե Պողոսյանը:

Նա հայտնեց նաև՝ շարունակելու է մնալ կուսակցությունում:

«Երբ ընկերներս զգան իմ կարիքը, նորից կլինեմ նրանց կողքին: Ընտրություններին նրանց օգնելու եմ: 2026-ին ՔՊ-ն, վստահ եմ, հաղթանակ է տանելու և լավ հաղթանակ է ունենալու: Ես սիրում եմ իմ թիմը, ես նույն ձևով վերաբերվում եմ պարոն Փաշինյանին ու ոչ մեկից հիասթափված չեմ: Ինքն իմ ավագ ընկերն է: ՔՊ-ից ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ»,- հայտարարեց պատգամավորը:

Լրագրողների հարցին՝ արդյոք ինքնակա՞մ է գնում, ընդգծեց՝ ամբողջությամբ ինքնակամ:

«Սա փախուստ չէ, փախուստ կլիներ 2021-ին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք իր որոշումը քննարկե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տվեց բացասական պատասխան:

«Ոչ, պարոն Փաշինյանը ոչ մեկի ազատ կամարտահայտման վրա ազդեցություն չի ունենում»,- հայտարարեց Պողոսյանը:

  • Կիսվել: