ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Նոր աղբավայրի կառուցման համար քննարկվում է 3 ծրագիր. կա նախընտրելի տարբերակ

Նոր աղբավայրի կառուցման համար քննարկվում է 3 ծրագիր. կա նախընտրելի տարբերակ

Նոր աղբավայրի կառուցման համար 3 ուղղությամբ ծրագրեր կան: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի՝ ապրիլի 22-ի նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ապա թվարկեց այդ ծրագրերը:

«Մեկը Համաշխարհային բանկի հետ ծրագիրն է, և ստացել ենք ևս մի հրավեր՝ մասնակցելու Սոֆիայում անցկացվող գիտաժողովին, որը նվիրված է հենց աղբի վերամշակման թեմային, մասնավորապես՝ ունենք World Bank-ից առաջարկ՝ ծրագիրն իրականացնելու:

Ունենք երկրորդ ծրագիրը, որը ՎԶԵԲ-ի հետ է. որոշակի աշխատանք է տարվել շատ երկար ժամանակ՝ 10 տարուց ավելի: Մենք այդ ծրագիրը չեղարկեցինք, որովհետև հասկացանք, որ հեռանկար չունի, որովհետև տրամաբանությունն ի սկզբանե սխալ էր դրված այդ ծրագրում:

Եվ ունենք երրորդ տարբերակը, որը ամենահավանականն եմ համարում, [այն է՝] երկփուլ մրցույթի տրամաբանությամբ, քաղաքապետարան-մասնավոր միջազգային որևէ գործընկերության տրամաբանությամբ իրականացվելիք ծրագիրը, որն իր մեջ կներառի աղբավայրի փակում և նոր վերամշակման կայանի կառուցում: Ամենահավանական տաբերակը երրորդն է:

Չնայած մենք դեռևս վերջնական պատասխան մեր մյուս գործընկերներին չենք տվել՝ ո՛չ ՎԶԵԲ-ին, ո՛չ Համաշխարհային բանկին, բայց ընդհանուր առմամբ հավաքագրել ենք փաթեթների առաջարկները, որոնց հիման վրա պատրաստել ենք երկփուլ մրցույթ»,- ասաց նա:

  • Կիսվել: