հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Նարեկ Մկրտչյանը Չինաստանում ստորագրել է հուշագիր՝ Հայաստանում Աշխատանքի և զբաղվածության աքսելերացիոն ծրագրի իրականացման նպատակով

Նարեկ Մկրտչյանը Չինաստանում ստորագրել է հուշագիր՝ Հայաստանում Աշխատանքի և զբաղվածության աքսելերացիոն ծրագրի իրականացման նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Համաշխարհային տնտեսական ֆորումի Նոր տնտեսություն և հասարակություն կենտրոնի և միջազգային հաղորդակցության գործադիր տնօրեն Սաադիա Զահիդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ստորագրել են հուշագիր՝ Հայաստանում Աշխատանքի և զբաղվածության աքսելերացիոն ծրագրի (Armenia Jobs Accelerator) իրականացման նպատակով։

Այս նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ համատեղ՝ նպատակ ունենալով պետական‑մասնավոր համագործակցության միջոցով պիլոտավորել նորարարական ծրագրեր և լուծել զբաղվածության ոլորտի ամենահրատապ խնդիրները։

Armenia Jobs Accelerator նախաձեռնությունը կիրականացվի երկու հիմնական ուղղություններով՝ աջակցելով 18-29 տարեկան երիտասարդների զբաղվածությանը, կանանց ձեռնարկատիրության և աշխատաշուկա ինտեգրման խթանմանը՝ նրանց հնարավորություն տալով մասնակցել մասնագիտական ուսուցման ծրագրերի, թվային գրագիտության դասընթացների և այլն։

 

Աքսելերացիոն ծրագրի համանախագահները կլինեն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Microsoft ընկերությունը, ինչպես նաև հայաստանյան և միջազգային ավելի քան 50 կազմակերպություններ՝ բիզնեսի տարբեր ոլորտներից։ Ծրագրի տեղական համակարգող է ընտրվել Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

Նախաձեռնությունը կաջակցի Հայաստանի Զբաղվածության 2025–2031 թթ. ռազմավարական ծրագրին՝ խթանելով մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը։

  • Կիսվել: